Այսօր հատկապես գերտերությունների եռյակից է կախված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը. Արտակ Զաքարյան


Այսօր հատկապես գերտերությունների եռյակից է կախված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը. Արտակ Զաքարյան
Մարտ 12 15:05 2026

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «Ուշագրավ էր ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի գրառումը՝ Ֆլորիդայում երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպման մասին: Նախ, որ այն տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և երկրորդ՝ հենց ձևակերպումն արդեն տարողունակ ու ինտրիգային է. «...քննարկել են տարբեր թեմաներ»:

Դժվար թե ՌԴ պատվիրակությունն ԱՄՆ գնար առանց քննարկվող հարցերի շուրջ նախանական համաձայնությունների:

Ուշագրավ է նաև ամերիկյան պատվիրակությունը, որը նման է հրեա պատասխանատուների եռյակի՝ Ուիթկոֆ, Քուշներ և Սպիտակ տան ավագ խորհրդական Գրյունբաում: Ենթադրելի է, որ նրանք գիտեն ոչ միայն բանակցել, այլ նաև վերահսկողության տակ պահել համաշխարհային զարգացումներն ու ընթացիկ իրավիճակը:

Մինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը:

Հարկ է նշել, որ ռուս-ամերիկյան «տարբեր հարցերի շուրջ» երեկվա բանակցությունները կողմերի համար կարևոր են նաև մարտի 31-ից ապրիլի 2-ը նախագահ Թրամփի՝ Չինաստան այցելությունից առաջ: Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի ֆոնի վրա չին-ամերիկյան «առևտրային զինադադարի» հարցը այլևս ամենագլխավորը չէ: Այսօր հատկապես գերտերությունների եռյակից է կախված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը: Արդյո՞ք կողմերն ի զորու են հանգուցալուծել Ուկրաինաի և Իրանի շուրջ առկա գլոբալ հակամարտությունը՝ առանց երկարաձգելու և ընդլայնելու նրա աշխարհագրությունը»: