Թաիլանդից Հայաստան՝ 1.3 մլն դրամով․ բլոգերը պատմել է պատերազմի պատճառով առաջացած դժվարությունների մասին


Թաիլանդից Հայաստան՝ 1.3 մլն դրամով․ բլոգերը պատմել է պատերազմի պատճառով առաջացած դժվարությունների մասին
Մարտ 10 20:09 2026

Բլոգեր Լյուսի Մնացականյանը փետրվարի 24-ին ամուսնու հետ մեկնել էր Թաիլանդ՝ հանգստի։ Սակայն ԱՄՆ–Իրան–Իսրայել պատերազմի հետևանքով հանգիստը վերածվել է փորձության

Հայաստան վերադառնալու համար զույգը ստիպված է եղել ծախսել շուրջ 1,3 մլն դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ինքը՝ բլոգերը։

 

Նրանք Թաիլանդ էին մեկնել Air Arabia ավիաընկերության միջոցով։ Լյուսի Մնացականյանի խոսքով՝ ավիաընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրել, և բոլոր ծախսերը նրանք են հոգացել։ Պարզապես արդեն գնված տոմսը վերածվել է վաուչերի, որը սառեցվում է և կարող է օգտագործվել մեկ տարվա ընթացքում։

 

Մարտի 7-ին Լյուսին և նրա ամուսինը Պհուկետից թռել են Բանգկոկ, որտեղից մարտի 8-ին հասել են Օմանի մայրաքաղաք Մասկատ։ Այնտեղ մոտ 9 ժամ սպասելուց հետո միայն կարողացել են մեկնել Երևան։

 

Հիշեցնենք, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԱԳՆ-ն փոխհատուցում է ճանապարհին մնացած հայ քաղաքացիների որոշ ծախսերը։ Մասնավորապես՝ այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր ստիպված են եղել նոր տոմսեր ձեռք բերել Հայաստան վերադառնալու համար, կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։

 

Սակայն, ինչպես ցույց է տալիս այս դեպքը, քաղաքացիների իրական ծախսերը հաճախ մի քանի անգամ գերազանցում են կառավարության առաջարկած փոխհատուցման չափը։