Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում բուժաշխատողները բարձրաձայնեցին պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի հետևանքով առաջացած խնդիրների մասին։ «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը հայտարարեց, որ համակարգի ներդրումից հետո արձանագրվել են աշխատավարձերի ուշացումներ և կրճատումներ։
Նրա ներկայացմամբ՝ հիվանդանոցներում վճարումները նվազել են շուրջ 30 տոկոսով, իսկ մի շարք պոլիկլինիկաներում՝ երկու-երեք անգամ։ Ամենախոցելի խմբում են բուժքույրերն ու սանիտարական ծառայության աշխատակիցները։ Աշխատավարձերի ուշացումները բազմաթիվ աշխատողների համար խնդիրներ են ստեղծել վարկերի մարման հարցում։
Խնդիրների պատճառներից են նաև «Armed» էլեկտրոնային առողջապահական համակարգի խափանումները և կրկնակի ապահովագրական պահումները համատեղությամբ աշխատողների դեպքում։
Բողոքող կողմը պնդում է, որ իշխանության իրականացրած քաղաքականությունը բերում է առողջապահության ֆինանսավորման բեռի վերադասավորման՝ աշխատողների հաշվին։ Նրանց համոզմամբ՝ նման մոտեցումը կարող է տարածվել նաև կրթության և սոցիալական ապահովության համակարգերի վրա՝ առաջացնելով նոր սոցիալական լարվածություն։










