Նիկոլը ուրացել և նվիրել է Ալիևին նաև Արցախի հոգևոր մշակութային ժառանգությունը․ Արմեն Աշոտյան


Նիկոլը ուրացել և նվիրել է Ալիևին նաև Արցախի հոգևոր մշակութային ժառանգությունը․ Արմեն Աշոտյան
Փետրվար 20 22:48 2026

«Բա չիմացա՞ք, Ադրբեջանի հետ սիրախաղի մեջ Նիկոլը ուրացել է և նվիրել է Ալիևին նաև Արցախի հոգևոր մշակութային ժառանգությունը, որը ստեղծվել է հայ ժողովրդի կողմից 1000-ամյակների ընթացքում»,- այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

«Նիկոլ Փաշինյանը վերջին 1-1․5 տարվա ընթացքում չի բարձրաձայնել և որևէ ամբիոնում, և որևէ հարթակում՝ խորհրդարանականից մինչև կառավարական, այդ ժառանգության պահպանության կարևորությունը։ Դեռևս 44-օրյա պատերազմից անմիջապես հետո 20 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես միջազգային բարձրագույն մարմին, որը զբաղված է մշակութային ժառանգության պահպանությամբ և պաշտպանությամբ, ընդունել էր հատուկ հռչակագիր։ Հայկական կողմը մինչև 2023-24 թթ․-ը այդ խնդրի հետ կապված որոշակի ելույթներ և հղումներ անում էր, սակայն վերջին մեկ ու կես տարվա ընթացքում գեթ մեկ հիշատակում այդ խնդրի մասին չկա։ Այսօր, երբ որ լրանում է Արցախյան շարժման հերթական ամյակը, հիշենք նաև այն մասին, որ Նիկոլը Արցախի հետ միասին, Արցախում ստեղծված հայկական մշակույթը, հայկական հետքը, հայկական ժառանգությունը թողնում է Ալիևին։ Իսկ ոնց է վարվում Ալիևը դրա հետ բոլորս լավ գիտենք՝ այն, ինչ չի կարող յուրացնել՝ քանդում է, իսկ մնացածը վերագրում է ադրբեջանական ժողովրդի հորինված պատմությանը»,- տեսանյութում նշեց Աշոտյանը