«Հրապարակ»․ թերթը գրում է ․Արցախցիներից շարունակում ենք դժգոհություններ ստանալ, որ ՀՀ քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում նրանց համար։ Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը որոշեց արցախցիներին տրված հայկական անձնագրերը փոխել, քանի որ դրանք տրամադրվել էին 070 կոդով: 23-ից հետո շարունակ կոչ էին անում փոխել անձնագրերը, իսկ հիմա խոչընդոտում են` նոտարների կողմից ձեւական թերություններ հայտնաբերելով, էլեկտրոնային հերթագրումը խափանելով, դիմումներին ամիսներով ընթացք չտալով:
Դիցուք, մեզ ասացին, որ կան մարդիկ, որ անցած տարվա նոյեմբերի վերջերին դիմել են քաղաքացիության համար, բայց մինչ օրս չեն ստացել։ Իհարկե, պատկան գերատեսչությունից վերջերս վստահեցրին, որ նման բան չկա, սակայն, արցախցիների հաշվարկներով, այսօրվա դրությամբ առնվազն 19 հազար մարդ դիմել է քաղաքացիության հարցով ու բյուրոկրատական քաշքշուկների մեջ հայտնվել։ Արցախցիները կասկածներ ունեն, որ իշխանությունները հասկացել են՝ նրանք հակաիշխանական դիրքորոշում ունեն, ընդդիմության էլեկտորատն են, ուստի միտումնավոր ձգձգում են նրանց փաստաթղթեր տալը, որպեսզի թույլ չտան, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն։ Ըստ ՆԳՆ-ի՝ 2026 թվականի դրությամբ մոտ 30 հազար արցախցի ՀՀ քաղաքացի է դարձել, որից 9 հազարը՝ երեխա։










