Ով կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինը. կուսակցությունում տհաճ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ»


Ով կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինը. կուսակցությունում տհաճ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ»
Փետրվար 19 09:39 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ քննարկումների թեմա է դարձել, թե ով է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը։

 

Փետրվարի 13-ին մեկնարկած և երեք օր շարունակված ՔՊ-ի ներքին ընտրությունների արդյունքներով պարզվել է, որ կանանց շրջանում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հատկանշական է, որ համեմատաբար վերջերս ՔՊ-ին միացած Ավանեսյանը կարողացել է ավելի մեծ աջակցություն ստանալ, քան, օրինակ, կուսակցության երկարամյա թիմակից համարվող ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը կամ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, որին Փաշինյանն անվերապահորեն վստահում է։ Կարճ ասած՝ տհաճ իրավիճակ է ստեղծվել ՔՊ-ում։

 

Կանանց վարկանիշային այս «մրցավազքում» երկրորդ հորիզոնականում է պատգամավոր Ալխաս Ղազարյանը, նրան հաջորդում են Արուսյակ Ջուլհակյանն ու Հասմիկ Հակոբյանը։

 

Այժմ ՔՊ-ում լարված սպասում են մարտի 27-28-ին նախատեսված փակ քվեարկությանը, որի արդյունքում վերջնականապես կորոշվի նախընտրական ցուցակի համարակալումը։ Հատկապես ինտրիգային է համարվում երրորդ համարը՝ այն դիրքը, որը կուսակցության ներսում համարվում է առանցքային և քաղաքականապես կշռադատված որոշման արդյունք։

Իսկ կշռադատված որոշումը չի կարող լինել պատահականություն, որ կասկածելի անցյալով և IQ-ով ինչ-որ կերպար դառնա իշխանական առաջին կինը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: