Պետք է ազատվել գործող վարչախմբից․ Արթուր Վանեցյան


Պետք է ազատվել գործող վարչախմբից․ Արթուր Վանեցյան
Փետրվար 18 21:17 2026

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի կանանց խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումների, հասարակական խնդիրների և կուսակցության գործունեության ընթացքի վերաբերյալ հարցեր։

Քննարկումների հիմնական թեման, սակայն, վերաբերել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և գործող վարչախմբի կողմից իրականացվող հետապնդումներին։

Արթուր Վանեցյանը ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը՝ շեշտելով եկեղեցու դերի կարևորությունը հայ ժողովրդի պատմության և ինքնության պահպանման գործում։

«Մեր առանձնահատկությունն այլ ազգերից դա մեր լեզուն և մեր Եկեղեցին է, և մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը»,-ընդգծել է Արթուր Վանեցյանը։

Արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցեր նույնպես հնչեցին: Արթուր Վանեցյանը հստակ ներկայացրեց այն ճանապարհային քարտեզը, որով առաջնորդվելու պարագայում մեր Արցախի հայրենակիցների բնակարանային խնդիրներն ամբողջությամբ հնարավոր կլինի լուծել։ Դա իրականացնելու համար, ըստ նրա, նախ պետք է ազատվել գործող վարչախմբից։

Վանաձորցի կանայք վստահություն և պատրաստակամություն հայտնեցին շարունակել ակտիվ ներգրավվածությունը հասարակական, հանրային և քաղաքական գործընթացներում։