Տնային կալանքում գտնվող Մկրտիչ Սրբազանը պատարագների մասնակցել չի կարող. առանձին միջնորդություն կներկայացվի


Տնային կալանքում գտնվող Մկրտիչ Սրբազանը պատարագների մասնակցել չի կարող. առանձին միջնորդություն կներկայացվի
Փետրվար 18 15:31 2026

Օրեր առաջ դատարանը որոշում էր կայացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնելու և տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին։ Դատարանը նաև հայտարարել էր Սրբազան Հոր նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին։

Դատարանի որոշման վերաբերյալ մանրամասներ իմանալու համար Aysor.am-ը զրուցեց նրա պաշտպան Ռոման Ահարոնյանի հետ. ի՞նչ սահմանափակումներ են կիրառվել, արդյո՞ք Սրբազանին թույլատրվել է մասնակցել պատարագների։

Փաստաբանի խոսքով՝ այդ հարցը դեռևս չի քննարկվել։

«Այս որոշմամբ դրան անդրադարձ չի եղել։ Առանձին միջնորդություն կներկայացնենք այդ հարցով»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում խաթարվում է Սրբազանի՝ կրոնական ազատությունն իրացնելու իրավունքը։

Ռոման Ահարոնյանն ասաց, որ սահմանափակված են նաև Մկրտիչ Սրբազանի հանդիպումները Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։

«Միայն մերձավոր ազգականներին կարող է հանդիպել»։

Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 20-ին։

Հիշեցնենք, որ տնային կալանքում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս պատարագների մասնակցել չի կարող։

Նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանն էլ Aysor.am-ին ասել էր, որ պատրաստվում են այդ հարցին հետամուտ լինել։

«Դատական նիստի ժամանակ այդ հարցի վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել։ Դատարանն այդ միջնորդության քննությունը հետաձգել է այն պատճառաբանությամբ, որ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկայի ուսումնասիրության անհրաժեշտություն ունի։ Հուսով եմ՝ հաջորդ դատական նիստին արդեն այդ հարցի պատասախանը կունենանք»,-ասել էր Ֆարմանյանը։