ՔՊ-ն լիդերային կուսակցություն է, և այնտեղ մեկ մարդ է կազմակերպում և որոշում, թե ով քանի ձայն կստանա։ Այս մասին Aysor.am-ին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ցուցակ ձևավորելու համար անցկացված ներկուսակցական ռեյտինգային քվեարկությանը։
«Այնտեղ կարևոր չէ, ներսում ով ինչ տեղ ունի և այդ ձայները ոչինչ չեն որոշում։ Կորոշի, որ X-ը լինի 15-րդ տեղում՝ կլինի 15-րդ տեղում, որոշի Y-ը լինի 36-րդ տեղում՝ կլինի 36-ում։ Իհարկե, ցուցակի հորիզոնականները ոչինչ չեն նշանակում, նույն Y-ը կարող է նույնիսկ ԱԺ նախագահի պաշտոնում հայտնվել, որովհետև ինքը հենց դա է ուզում»,-ասաց Բադալյանը։
Նրա խոսքով, նպատակն այն է՝ հանրությանը ցույց տան, որ տեղի է ունենում «ժողովրդավարական գործընթաց»։
Իսկ թե արդյո՞ք այս մեթոդով ցանկանում են տպավորություն ստեղծել, թե արդեն հաղթել են 2026-ի ընտրություններում՝ Բադալյանը նշեց, որ աշխարհի բոլոր ուժերն էլ՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ կառավարող, նույնն են հայտարարում, որ արդեն հաղթել են։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը անցկացրեց ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը, որի ընթացքում կուսակցության պատվիրակները փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեցին ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների տեղերը։










