«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ պատգամավորության թեկնածուների առաջին 100-յակում։ Օրինակ, ՀՀԿ-ից ՔՊ անցում կատարած պատմաբան Շիրակ Թորոսյանը 103 ձայն է ստացել, ՔՊ-ն ճամբարափոխին, ըստ էության, արժանի դաս է տվել։ Երեկ Թորոսյանը չցանկացավ զրուցել մեզ հետ, անհեթեթ պատճառաբանություններ բերեց, թե, միեւնույն է, ինչ խոսի, մենք մեր ուզածն ենք գրելու: Ախալքալաքցի պատգամավորն ակնհայտ դեպրեսիայի մեջ էր, եւ չկարողացանք համոզել, որ մեր հարցերին պատասխանի։
Կապանցի պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ, որ ընդամենը 64 ձայն է ստացել, մոտ հինգ րոպե հեռախոսով բացատրում էր, որ չի կարող խոսել, դրսում է` միջոցառման, թեեւ այդ ընթացքում կավարտեինք հարցուպատասխանը։
Առաջին 100-յակից դուրս մնացածների թվում են նաեւ պատգամավորներ Արմենուհի Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, որն Արարատ Միրզոյանի «թիկնապահն» է ՔՊ-ում, քանի որ ամուսինը Միրզոյանի աշխատողն է, Էմմա Պալյանը, Միքայել Թումասյանը, Հերիքնազ Տիգրանյանը, որը, ի դեպ, ԱԺ հանձնաժողովի նախագահ է, Գագիկ Մելքոնյանը, Էսթեր Այվազյանը, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը, Տիգրան Պարսիլյանը, Վանիկ Օհանյանը։










