«Մեր «բաղձալի» երազանքն իրականացվեց, տեսեք՝ սկսել ենք առողջության համընդհանուր ապահովագրություն, այն էլ՝ առաջին փուլը բավականին մեծ ծավալով »,- այս մասին «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկմանն ասաց «Անկախ փորձագետ» ՀԿ հիմնադիր, առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող շուրջ 3 միլիոն քաղաքացիներից մոտ 1․6 միլիոնն այսպես ասած՝ ապահովագրված են։
Միաժամանակ Վարդանյանն ասաց, որ մինչև 18 տարեկանների համար առանձնապես բան չի փոխվել, իսկ ահա թերապևտների մոտ ծավալը երեք անգամ մեծացել է։
Ինչ վերաբերում է առողջապահական կազմակերպությունների աշխատանքին, ապա փորձագետի խոսքով՝ 413 բժշկական կազմակերպություն արդեն միացել է ապահովագրական փաթեթին, սակայն առանց պայմանագիր կնքելու։
«Հիմա թե ո՞նց են միացել անկեղծ ասած՝ լավ չեմ պատկերացնում, որովհետև և՛ օրենքի մակարդակով, և՛ ենթաօրենսդրական ակտերի մակարդակով ի՞նչ է կոչվում ապահովագրվել, այսինքն՝ միանալ ապահովագրական փաթեթին որպես հիմնարկ։ Նա պետք է ունենա պայմանագիր, որով ամրագրված է երկու կողմերի՝ ապահովագրական հիմնադրամի և բժշկական կազմակերպության համաձայնությունը։ Այդ պայմանները չկան, բայց մենք արդեն ապահովագրել ենք»,- ընդգծում է բանախոսը։
Նրա գնահատմամբ՝ տպավորություն է, որ բժշկական հաստատությունները գտնվում են նախնական փուլում և փորձում են հասկանալ՝ կկարողանան աշխատել, թե՞ ոչ։
«Հիմա ի՞նչ է կատարվում առողջապահական համակարգում ՝ գործառնական խառնաշփոթ, հիմնականում չգիտեն՝ ո՞նց անեն»,- նկատել է փորձագետը։










