Տեր Մաղաքիա աբեղա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները տրամաբանությունից դուրս է համարում։
«Փուչ խոսքեր են, մարդկանց ուշադրությունը շեղելու համար է։ Ցանկացած անձնավորություն, ով ունի թեթև ինտելեկտ, վերլուծող միտք, կհասկանա, որ դա տրամաբանությանը մոտ չէր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Մաղաքիան։
Հայր Սուրբը նշեց, որ Հայաստանում այսօր օրենք չի գործում, ինչ ուզեն՝ կարող են անել։
«Բայց վերևում պետք է պատասխան տանք բոլորս»,- հավելեց Հայր Մաղաքիան։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։
«Ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»,- սպառնացել էր նա։
Չնայած իշխանությունների բռնաճնշումներին ու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ Վեհափառ Հայրապետն Aysor.am-ին ասել է՝ Եպիսկոպոսոց ժողովը կկայանա։
Սրբազան այն Հայրերը, որոնց նկատմամբ երկրից բացակայելու արգելք է կիրառվել, ժողովին կմասնակցեն հեռավար։
Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավներին, նրանցից, այս պահի դրությամբ, միայն Հովնան Տերտերյանն է հայտարարել իր մասնակցության մասին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։
Եկեղեցու դեմ արշավ հայտարարած իշխանությունները, սակայն, ուղիներ են փնտրում, որ եպիսկոպոսներին թույլ չտան մեկնել Հայաստանից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։










