Երևանի գրեթե բոլոր թաղամասերում նույն պատկերն է՝ խորը փոսեր, վնասված մեքենաներ և վարորդների նույն հարցը․ ո՞վ պետք է փոխհատուցի վնասը։
Ձմեռվա ընթացքում առաջացած փոսերը հիմնականում չեն նշվում նախազգուշացնող նշաններով, իսկ դրանք մեկ վայրկյան ուշ նկատելը վարորդների համար կարող է արժենալ տասնյակ, երբեմն էլ նույնիսկ հարյուր հազարավոր դրամներ։
Եթե ճանապարհը գտնվում է Երևանի քաղաքապետարանի պատասխանատվության ներքո, արդյո՞ք քաղաքացին ունի փոխհատուցում պահանջելու իրավունք։
Aysor.am-ի հետ զրույցում փաստաբան Արտակ Խաչատրյանն ասաց, թե օրենքը նման հնարավորություն տալիս է, սակայն հաջողության հասնելու համար կարևոր է ճիշտ փաստագրել դեպքը հենց տեղում՝ կանչել պարեկային ծառայողին, արձանագրել վնասը, և որ ամենակարևորն է՝ հետևողական լինել.
«Պետք է պարեկային ծառայությանը դիմել, իրենք կգան, կարձանագրեն դեպքը։ Ամենակարևորն այն է, որ պետք է հետևողական լինել, որպեսզի պարեկային ծառայությունն էլ, վնաս կրած քաղաքացին էլ ահազանգեն Երևանի քաղաքապետարան ու պահանջեն, որ գան տեղում միջոցներ ձեռնարկելու»։
Կրած վնասի փոխհատուցումը ստանալու համար քաղաքացիների գերակշիռ մասը չի դիմում պատկան մարմիններին, որովհետև, ըստ փաստաբանի, նույն մարմիններին դիմելու ծախսերը կարող են ավելի շատ լինել, քան կրած վնասը.
«Շատ դժվար, երկար ճանապարհ է։ Իրականում վնասը պիտի 400 հազար դրամը գերազանցի, երբեմն՝ միլիոնին մոտ լինի, որ գոնե ինչ-որ չափով ձեռնտու լինի այդ ամբողջ իրավական գործընթացով անցնելը։
Քաղաքապետարանում շատ անպատասխանատու մոտեցում են ցուցաբերում։ Խոշոր ծախսերի պատճառով փոսերից տուժած քաղաքացիների մոտ 99 տոկոսը չեն դիմում կրած վնասի փոխհատուցման համար, որովհետև այդ դիմելու ծախսերը կարող են գերազանցել վնասին։ Այս պահին քաղաքացիներ կան, որոնք ինքնակազմակերպվում են, մենք էլ ցանկանում ենք օգնել, որպեսզի կոլեկտիվ հայցեր ներկայացնեն, որպեսզի ծախսն ավելի էժան լինի։ Սա շատ կարևոր է, որպեսզի Երևանի քաղաքապետարանին, ի դեմս ղեկավարության, դաս լինի, որ հաջորդ անգամ աղի ու ավազի վրա մեղքը չբարդեն»,-ասաց Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետարանից էլ հետաքրքրվեցինք, թե կա՞ն դեպքեր, երբ փոսերի հետևանքով վնասված մեքենաների վարորդները դիմել և փոխհատուցում ստացել են։
Պարզվում է, նման դեպքեր չեն եղել, նախադեպ էլ չունեն։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։
Փաստաբանն ասում է, թե փոսեր կան, որոնց պատճառով օրական շուրջ 300 անվադող է վնասվել։
«Ժողովուրդն ու պարեկները մնացել են մեն-մենակ։ Քաղաքապետարանի բոլոր պաշտոնյաները ժամը 6-ից հետո հանգստանում են, իսկ մինչև 6-ը... ծառայողական կաբինետի պատուհանից չեն երևում փոսերը. քաղաքապետարանի դիմացը փոս չկա, դրա համար էլ ենթադրում են, որ Երևան քաղաքում փոս էլ չկա»։
Հիշեցնենք՝ քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե փոսերն առաջացել են, քանի որ ձյան մաքրման աշխատանքներն իրականացնելիս շատ աղ ու ավազ է օգտագործվել։
Ասաց ու հանձնարարեց հնարավորինս շուտ սկսել փոսալցման աշխատանքներն իրականացնել։
Իսկ մինչ այդ, վարորդները շարունակում են կրել վնաս՝ սպասելով ոչ միայն ճանապարհների նորոգմանը, այլ նաև հստակ պատասխանատվության։










