Դատարանն այսօր որոշում կայացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը:
Մկրտիչ Սրբազանի փաստաբան Ռոման Ահարոնյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, սակայն դատարանը հայտարարել է Սրբազանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին։
Սրբազան Հոր փաստաբանը վստահ է՝ արդարադատությունը, ի վերջո, հաղթելու է։
«Այլընտրանք պարզապես չկա»,- նշեց նա։
Հետաքրքրվեցինք Սրբազան Հոր դիրքորոշման մասին՝ սպասելի՞ էր այս որոշումը, փաստաբանն արձագանքեց. «Սրբազան Հայրն ուժեղ է ու արժանապատիվ»։
Մկրտիչ Սրբազանը կալանքի տակ է հոկետմբերի 16-ից։ Նա մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Սրբազանն այս մեղադրանքները չի ընդունում։










