Հայաստան ժամանած հանրահայտ բլոգեր և բռնցքամարտիկ Ջեյք Փոլը շարունակում է կիսվել իր տպավորություններով։ Երևանի կենտրոնում Արման Ծառուկյանի հետ զբոսնելուց հետո մարզիկը սոցիալական հարթակներում նոր հրապարակում է արել՝ արտահայտելով իր հիացմունքը մեր երկրի հանդեպ։
Փոլը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նրան դիմավորում հայկական ավանդական հյուրընկալությամբ և բավականին յուրահատուկ նվերով։
«Շնորհակալություն Արմանին արջի տեսքով այս նվերի և ինձ Հայաստանում հյուրընկալելու համար։ Արդեն սիրում եմ այս վայրը»,-տեսանյութին կից գրել է Փոլը։
Հիշեցնենք, որ Ջեյք Փոլը Հայաստան է ժամանել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հրավերով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանց շրջագայությանը միացել է նաև ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Աստղային հյուրի այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ երկրպագուների շրջանում, քանի որ Փոլը վերջին շրջանում համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում է թե՛ իր սպորտային կարիերայի, թե՛ անձնական կյանքի իրադարձությունների պատճառով։











