Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս 10 տարով երկարաձգել․ Նիկոլ Փաշինյան


Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս 10 տարով երկարաձգել․ Նիկոլ Փաշինյան
Փետրվար 11 20:22 2026

Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ՝ ևս 10 տարով երկարաձգելու համար:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում:

 

«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլ՝ ենթադրվում է 10 տարով ևս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն՝ 2036թ և 2046թ»,-ասաց Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ այդ ընթացքում կառավարությունը պետք է նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որոշումներ կայացնի: Հայաստանը միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է ՌԴ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ:

 

«Եվ դա բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք: Դա ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է: Եվ որոշում կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ շահերին»,-նշեց Փաշինյանը:

 

Ըստ նրա՝ միջուկային էներգետիկայի շուկան լավ ու ճշգրիտ ուսումնասիրելու խնդիր կա: Հիմա Հայաստանի էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ամենաէժանն է:

 

Անդրադառնալով առհասարակ աշխարհում այս ոլորտին՝ վարչապետը նկատեց. «Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի՝ այս պահին հայտնի պաշարները 70 տարվա պաշարներ են: Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք կա, թե 40 տարի հետո 1 կՎտ ժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ: Այստեղ էլ տնտեսական նպատակահարմարության և հետգնման հնարավորությունների հարց կա: Խնդիրը հետևյալն է՝ գինն ինչ է արժենալու»:

 

Նա ընդգծեց՝ կառուցվելիք ատոմակայանի տակ պետք է տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի, որ ներդրված գումարը վերադառնա: Կան գործընկերներ, որ շտապեցնում են Հայաստանին որոշում կայացնելու հարցում: «Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նրբությունները հասկանանք: Ենթադրենք՝ մենք 4, 5, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք և ուրանի գինը 4 անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ... Ենթադրենք, միջուկային վառելիքի գինը կարող է սկսել աճել, դա ո՞նց է ազդելու մեր նախագծի տնտեսական արդյունավետության վրա»:

 

Փաշինյանը սրանք համարում է լուրջ հարցեր, որոնք պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկվեն: