Պետք է աչալուրջ լինենք․ հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության մասին ահազանգերին անդրադարձավ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի հնարավոր կեղծման վերաբերյալ ստացված ահազանգի մասին։
«Դեղերի հետկանչի մեխանիզմը մեր գործունեության ռուտինային գործընթացներից է։ Մենք և Դեղերի փորձագիտական կենտրոնը արտադրողների հետ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, և ցանկացած ահազանգի կամ մտահոգության դեպքում տեսչական մարմնի հետ անցնում ենք օրենքով սահմանված ընթացակարգերը»,– ասաց նախարարը։
Ավանեսյանն ընդգծեց, որ առանց ավելորդ անհանգստություն պատճառելու պետք է ընդունել՝ ժամանակ առ ժամանակ լինում են դեղեր, որոնց հետկանչի վերաբերյալ որոշումներ են կայացվում, և դա նորմալ գործընթաց է։
«Վերջերս բացել ենք Դեղերի փորձագիտական կենտրոնի ամբողջովին նոր ու հագեցած լաբորատորիան։ Փորձաքննությունների առումով մենք լիարժեք ապահովված ենք և երաշխավորում ենք դեղերի անվտանգությունը»,– նշեց նա։










