2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. թվեր. «Ժողովուրդ»


2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. թվեր. «Ժողովուրդ»
Փետրվար 11 08:59 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ հրապարակվեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2025 թվականի տվյալները։ Իհարկե, նույն զեկույցի համաձայն՝ կոռուպցիան ամբողջ աշխարհում խորանում է, ուստի նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին։ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2020 թվականից հետո կանգ է առել․ Հայաստանը 182 երկրների ցանկում կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքներով 65-րդ տեղում է։

«Նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում արձանագրվում է կոռուպցիայի աճ՝ առաջնորդության անկման պայմաններում։ Ամենամյա պարբերությամբ հրապարակվող այս համաթիվը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում ԿԸՀ համաթվի 80-ից բարձր միավոր ստացած երկրների թիվը նվազել է՝ 12-ից հասնելով ընդամենը 5-ի»,- նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցում։

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զեկույցի հրապարակումից հետո փորձեց Հայաստանին «ջրից շոր դուրս բերել»՝ ասելով, թե Հայաստանի՝ ԿԸՀ համաթվի 2025 թ. արժեքը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մեկ միավորով՝ կազմելով 46։

Այնինչ, եթե փորձենք Հայաստանի կոռուպցիոն պատկերը «zoom out» անել՝ փոքրացնել, կտեսնենք, որ 2018-2025 թվականների համեմատությամբ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը բարելավվել է, սակայն 2020-ից հետո առաջընթացը կանգ է առել, և նկատվում է թեթև հետընթաց․
2018-2020 → կտրուկ բարելավում (35 → 49)
2020-2025 → բարելավումը կանգ է առել, մի քիչ էլ վատացել (49 → 46)։
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին Կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը կազմել է 35, իսկ 2026 թվականին այն աճել է 10 միավորով։
Այսինքն՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2018 թվականից ի վեր աճել է գրեթե 31,4 %-ով։
Հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրագոչ հնչեցնում էր, որ «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», այնինչ մկներ և ձկներ աճեցին հենց ոչ բռնի և թավշյա հեղափոխությունից հետո։

«2025 թ. 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը (2024 թ.-ին Հայաստանը կիսում էր 63-64-րդ տեղերը 180 երկրների շարքում)։ Գծապատկեր 2-ում ներկայացված են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի, 2024 ԿԸՀ արժեքները։ Ինչպես երևում է գծապատկերից՝ Հայաստանն իր 2025 թ. ԿԸՀ համաթվի արժեքով ԵԽ այն 42 երկրների մեջ, որոնց ԿԸՀ-ն 2025 թվականին հաշվարկվել է, Մոնտենեգրոյի հետ կիսում է 30-31-րդ տեղերը, ընդ որում ԵՄ անդամ 27 երկրներից միայն երեք երկրների (Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա) ԿԸՀ համաթվի արժեքներն են Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքից ցածր։ Սա բավականին համեստ ցուցանիշ է, որը նաև ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռևս չեն տալիս գործարարների և փորձագետների ակնկալած արդյունքները, որոնց ընկալումները չափում է ԿԸՀ-ն։

Ինչպես երևում է գծապատկերից՝ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցում»։