Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով


Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով
Փետրվար 10 22:23 2026

Փետրվարի 10-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության վերջին նիստը։ Հայտնում են ադրբեջանական լրատավամիջոցները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով։ Պաշտպանական ճառ չի եղել, փաստաբան Բաբիշովն այն չի ներկայացրել Վարդանյանի խնդրանքով։ Բաբիշովը հայտարարել է, որ իրենք կտրականապես համաձայն չեն առաջադրված մեղադրանքների հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանը իր եզրափակիչ խոսքում անդրադարձել է ընդհանուր հարցերի։ Լրատվամիջոցների հրապարակումներում Վարդանյանի խոսքից շեշտվել է միայն այն դրվագը, որտեղ Արցախի նախկին պետնախարարը նշել է, որ ավելի քան երկու տարվա կալանքի ընթացքում բացահայտել է ադրբեջանական պոեզիան։

Փետրվարի 5-ին Բաքվի դատարանն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց։ Իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին դատապարտեց ցմահ ազատազրկման։