Հայաստանում ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ է, սակայն չունեն աշխատանք. Նարեկ Կարապետյան


Հայաստանում ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ է, սակայն չունեն աշխատանք. Նարեկ Կարապետյան
Փետրվար 7 23:44 2026

«Հայաստանում ունենք 1,8 միլիոն մարդ, ովքեր կամ աշխատում են, կամ չեն կարող աշխատել, ունենք 1,2 միլիոն մարդ, ովքեր աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»,-«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ խոսելով «Մեր Ձևով» շարժման 5 տնտեսական քայլերի, մասնավորապես  300,000 նոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրի մասին։

Ըստ նրա, աշխատաշուկային պատրաստ են, սակայն աշխատանք չունեցողների թվին են պատկանում տնային տնտեսուհիները, գյուղական բնակավայրերի բնակիչները, ովքեր աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, սակայն չունեն կայուն եկումուտ՝ հաշվի առնելով Հայաստանում գյուղատնտեսական թույլ քաղաքականությունը։

Ն. Կարապետյանի ներկայացրած հաշվարկներով, Հայաստանում կա 800 հազար գրանցված աշխատող,  մի աշխատող կարող է գրանցված լինել 2-3 տեղ, նաև կա 200 հազար պետական բյուջեից աշխատավարձ ստացող աշխատակիցներ. «Այսինքն 3 միլիոն բնակչություն ունեցող մեր երկրում աշխատում է 800 հազար գրանցված մարդ։ Ունենք 500 հազար թոշակառուներ, մոտ 300-500 հազար աշակերտ, ուսանող»։

 «Մեր կարծիքով, երկրի ակտիվ զարգանալու համար, որպեսզի երկիրը կարողանա սոցիալական ծախսերը լավ իրականացնել, պետք է ևս 300 հազար նոր աշխատատեղեր ստեղծել։

Առաջիկա 5 տարիներին, դա պետք է լինի մեր երկրի առաջնային նպատակը, որպեսզի 1,1 միլիոն մարդ աշխատելով՝ կարողանա 500 հազար մարդու թոշակ տալ, հարկային բեռն իր վրա վերցնելով՝ ապահովել ուսանողների, աշակերտների կրթական ծախսերը»,- ասաց Ն. Կարապետյանը։

Նա նշեց, որ  վերջին 5-6 տարիների ընթացքում ամեն տարի 1-2 գործարան են կառուցել,  գնացել են արդյունաբերականացման ուղղությամբ, սակայն տեսնում են կամ պետական աջակցության բացակայություն, կամ միայն սուբսիդիաներ, որը բավարար չէ լուրջ արդյունաբերություն ձևավորելու համար։

«Պետական մեր պաշտոնյաները չունեն փորձ, որ զարգացնեն արդյունաբերությունը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Հայաստանն իր անկախության առաջին օրվանից մի ճանապարհով է գնում՝ «ապահովենք դաշտ, ներդրողները թող գան ու ներդրում անեն»։

Ըստ «Մեր Ձևով» շարժման համակարգողի, այդ ճանապարհը չի աշխատելու։

«Մեր գյուղերը,  փոքր քաղաքներն աշխատատեղեր չեն կարող ունենալ, եթե սպասենք ինչ-որ ներդրող գա ու ներդրում անի։ Մեր առաջարկն է՝ պետությունը մասնակցի պրոեկտներին, որպեսզի ձևավորվեն արդյունաբերական, նաև ոչ արդյունաբերական, ծառայությունների ոլորտի հիմնարկներ, որոնք կօգնեն մեր երկրին ակտիվ զարգանալու»,- ասաց Ն. Կարապետյանը։

Նա նշեց, որ իրենք 300 հազար աշխատատեղերից արդյունաբերության մեջ 80 հազար աշխատատեղ են նախատեսել, որից 25 հազարը՝ վերամշակող արդյունաբերության մեջ է։

Ինչ վերաբերում է իշխանության հայտարարություններին, որ իրենք 7-8 տարվա ընթացում ստեղծել են 250 հազար աշխատատեղ, Ն. Կարապետյանն ասաց. «Եթե ստեղծել են 240-250 աշխատատեղ, մեր երկրի օտարերկրյա ներդրումային ընդհանուր փաթեթն այս տարիներին չի գերազանցել 3-4 միլիարդ դոլարը։ Այսինքն, ինչպե՞ս են ստեղծել այդքան ներդրումներով 240 հազար աշխատատեղ։ Սա բերում է այլ տրամաբանական հանգման. հնարավոր է երկրում ստեղծել 300 հազար աշխատատեղ ճիշտ արդյունաբերության և ճիշտ ոլորտների մեջ ներդրումներով, առանց, իրենց ասած, 15-30 միլիարդ ներդրումով»։

Ըստ նրա, ՔՊ ժամանակ աշխատատեղերի աճը երկու պատճառ ունի՝ ստվերի նվազում, շինարարության ոլորտ, ծառայությունների որոշ ոլորտներ։

Ն. Կարապետյանը ներկայացրեց հաշվարկ, թե ինչքան աշխատավարձ են ստանալու իրենց կողմից ստեղծված աշխատատեղերի աշխատողները. «Ամեն ոլորտ ունի իր տրամաբանությունը. արդյունաբերությունը, որը հիմնականում զարգանալու է այն մարզերում, որտեղ կա գործազրկության բարձր մակարդակ՝ Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Կոտայքի մի մասը, այսօր ունեցած աշխատավարձային ֆոնդից զգալի տարբերվելու է, միջինում՝ 280-320 հազար աշխատավարձ»։