Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանը (Տեսանյութ)


Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանը (Տեսանյութ)
Փետրվար 7 21:43 2026

«Սարգիս Կարապետյանի աղմկահարույց արտահայտությունը մեզ համար քննություն է՝ հասկանալու համար, թե ինչպես ենք արձագանքում մեր վրիպումներին»,-այս մասին «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։  

«Ես խոսում եմ ոչ թե որպես քաղաքական գործընթացների մասնակից, այլ որպես մեր հասարակության անդամ։ Կարծում եմ՝ անգամ կոնտեքստից կտրված այդ արտահայտությունը չպետք է թույլ տրվեր, որովհետև այն կարող էր ինտերպրետացվել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ՝ ոչ մի դեպքում, անկախ նրանից՝ քաղաքական գործիչ ենք, թե հասարակական մարդ։ Մենք պետք է ուշադիր լինենք  և թույլ չտանք, որ մեր արտահայտություններից հնարավոր լինի մանիպուլյացիաներ անել և դրանք ներկայացնել որպես վիրավորանք։

Դա ցավալի է, բայց կուզենայի ավելացնել, որ մեր վրիպումները չեն ազդել մարդկանց կյանքի վրա, չեն բերել մահեր, չեն բերել աղքատություն։ Մեր քայլերը բերել են աշխատատեղեր, բերել են բարեկեցություն մեր հայրենիքին։

Այո՛, վրիպումներ լինում են, և սա հենց այդ քննությունն է՝ ինչպես ենք արձագանքում դրանց և ինչ հետևություններ ենք անում։ Այս իշխանության հիմնական տարբերությունն այն է, որ նրանք վրիպումներից հետո ոչ թե կանգ են առնում ու վերանայում իրենց քայլերը, այլ ավելի են խորացնում նույն ճանապարհը։ Մենք պետք է նույն սխալը չկրկնենք»։