Հայկ Սարգսյանը չի ցանկանում, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև հեռակա բանավեճի տպավորություն ստեղծվի


Հայկ Սարգսյանը չի ցանկանում, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև հեռակա բանավեճի տպավորություն ստեղծվի
Փետրվար 6 12:23 2026

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը չի ցանկանում, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև հեռակա բանավեճի տպավորություն ստեղծվի։ 

«Չեմ ուզում հեռակա բանավեճի տպավորություն ստեղծվի, երբ ես փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ՔՊ-ն ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողություները չի հանդուրժելու։

Նա այս հայտարարությունն արել էր, երբ խոսել էր Հայկ Սարգսյանի մասին՝ ասելով, որ նրան ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր։

«Ես որևէ գործով չեմ անցնում, չեմ անցել։ ՔՊ-ն իմ ներկայությամբ որևէ քննարկման ժամանակ ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի, գործարքի կամ նման երևույթի մեջ։ Մամուլից եմ տեղեկացել, որ վարչության որոշ անդամներ իբր իմ բացակայությամբ ինձ մեղադրել են ինչ-որ կոռուպցիոն գործերի մեջ։ Եթե այդպիսի բան եղել է, ուրեմն դա ՔՊ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե իր թիկունքում դավեր չեն նյութվում։

«Չկա որևէ դավ, եթե կա էլ՝ ես դրա մասին տեղյակ չեմ»,-ասաց Սարգսյանը։

Հայկ Սարգսյանը վստահ է, իր նկատմամբ մեղադրանք չկա, եթե կա էլ՝ գործընկերներին խնդրեց հրապարակել դրանք.

«Բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումն ուղիղ բխում է իմ շահերից»։