ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ փոխնախագահ Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտան։
«Իտալիայից հետո Վենսը կմեկնի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է մշակել համաձայնագիր՝ ուղղված երկու երկրների միջև քառասունամյա հակամարտության դադարեցմանը», - գրում է Associated Press-ը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օրը ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան և Ադրբեջան։
Իտալիայի Միլան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 6-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան սպասվող այցի մասին:










