Տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա Հովսեփյան


Տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա Հովսեփյան
Փետրվար 4 21:29 2026

«Տիկին Մանասյան, մի մոռացեք, որ դուք ոչ թե Նիկոլ Փաշինյանի և նրա փոքր խմբակի իրավունքների պաշտպանն եք, այլ ՀՀ-ի բոլոր քաղաքացիների»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը՝ իր խոսքի տեսագրությունը վերնագրելով. «Եվ  այո, ես  կարծում եմ, որ տիկին Մանասյանը  ոչ թե  մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ»:

Նա նշեց, որ Հայաստանում այսօր կան մի շարք հրատապ հիմնահարցեր, որոնք վերաբերում են թե՛ կանանց, թե տղամարդկանց՝ ՄԻՊ-ին հորդորելով զբաղվել դրանցով։

«Օրինակ, երբ պետական բյուջեի հաշվին Փաշինյանի դստերը սպասարկում է 27 հազար դոլարանոց մեքենան՝ Հայաստանում երեխաների շրջանում աղքատությունը կազմում է 37 %, և դուք լուռ եք։ Դուք լուռ եք, երբ Հայաստանում գոյություն ունի կին քաղբանտարկյալ... Դուք լուռ եք, երբ ոստիկանները քաշքշում են զոհված զինծառայողների մայրերին... Դուք լուռ եք, երբ իշխանությունները ատելության քարոզ են հնչեցնում արցախցիների, կանանց, ընդդիմադիր հայացքներ կրող մարդկանց հանդեպ»,- ասաց Հովսեփյանը;

Հիշեցնելով որ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, թե ինքն ամենապրոֆեսիոնալներից է Հայաստանում՝ Արեգա Հովսեփյանը ափսոսանք հայտնեց, որ նա «իր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնում է, ոչ թե ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, այլ, կատարելով հրամաններ, վերածվում է մարդու իրավունքները խախտող քաղաքական գործչի»։