«Ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, ապացույցներ, բայց որ նա ամբողջը մխտռեց, ամբողջը փչացրեց, դա միանշանակ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի գործողություններում հանցակազմ տեսնո՞ւմ է և արդյո՞ք Փաշինյանը գործակալ է։
«Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել։ Ո՞նց ասեմ, որ թուրքական գործակալ է, եթե ձեռքիս տակ փաստաթուղթ չկա։ Ո՞նց ասեմ»,- ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով հարցին,թե արդյո՞ք կարող է ԹՐԻՓՓ-ը դառնալ արտաքին երաշխավորը, Սերժ Սարգսյանը պատասխանեց․
«Ինձ համար դժվար է միանշանակ պատասխան տալ, որհետև չգիտեմ, թե ԹՐԻՓՓ-ը ի՞նչ է մինչև վերջ։ Ես ոչ մի բան չեմ հասկացել, հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են «միջանցք», թուրքերը՝ «միջանցք», Հայաստանի հանրության մի մասը անվանում է «միջանցք», իսկ մյուս մասը՝ «անվտանգության երաշխիք, երաշխավոր կամ խաչմերուկ»։ Երբ փաստաթուղթը տեսնենք, թե ի՞նչ կարգավիճակ ունի, այն ժամանակ ես կասեմ,թե ինչ ռիսկեր ունի»։
Լրագրողի հստակեցմանը, թե արդյո՞ք հնարավոր է, որ այդ փաստաթուղթը լինի խաղաղության երաշխավոր, Սարգսյանն արձագանքեց․ «Հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր լինի,այդ փաստաթուղթը ի՞նչ խաղաղության երաշխավոր կարող է լինել։Ես հետևյալն եմ ասում՝ տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող է լինել միայն ու միայն այն կառույցները, ովքեր դրա վրա ազդելու մեծ ունակություն ունեն»։
Ինչ վերաբերում է այս տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին, ապա ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ վաղ է խոսել այդ մասին։ Ամեն դեպքում Սարգսյանը քիչ հավանական համարեց, որ այլ ուժերի հետ միասնական դաշինքով կմասնակցեն ընտրություններին։
«Կարծում եմ՝ դա հնարավոր չէ»,- ասաց նա։










