«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախընտրական վերադասավորումներից պարզ է դառնում, որ ընդդիմադիր դաշտում այս պահին երեք խոշոր միավոր կարող է ձեւավորվել՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող «Առաջարկ Հայաստանին» միավորը։ Չնայած Ռոբերտ Քոչարյանն օրերս իր ասուլիսում հույս հայտնեց, որ նախորդ ընտրություններին մասնակցած 25 ուժերի փոխարեն այս ընտրություններին կմասնակցի 7-8 ուժ, ուստի փոշիացող ձայներն էլ ավելի քիչ կլինեն, սակայն այս պահին չի նկատվում, որ ընդդիմությունը հունիսի 7-ի ընտրություններին մտադիր է մասնակցել ավելի խելամիտ տարբերակով` փոշիացումները նվազագույնի հասցնելու հայեցակարգային մոտեցմամբ։ Առանձին կուսակցություններ, որոնք տարբեր հարցումներով չեն հաղթահարելու ընտրությունների անցողիկ շեմը, արդեն հայտարարել են միայնակ մասնակցելու մասին։ Այդ թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը: ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանին հարցրինք՝ ի՞նչ պետք է անել, որ ձայները չփոշիանան, եւ դրանից չշահի իշխանությունը։ Ասաց, որ դժվարանում է պատասխանել, խոստացավ ավելի ուշ մանրամասն անդրադառնալ հարցին, քանի որ այս պահին ժողովի է մասնակցում, իսկ հետո չպատասխանեց մեր զանգերին։
Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, ԱԺ չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են անցած ուժերի վրա, եւ առյուծի բաժինը հասնում է առաջին տեղը զբաղեցրած ուժին, որը, որպես կանոն, իշխանությունն է լինում։ Այսինքն՝ ակնհայտ է, որ անցողիկ շեմը չհաղթահարողներն ուղղակի կամ անուղղակի օգնելու են իշխանությանը։ 2018-ին այդ «փոշին» կազմել է 17 տոկոս, որից 10-ը ստացել է «Իմ քայլը», եւ նրա տոկոսը դարձել է 73` բացարձակ մեծամասնություն։ ԸՕ-ն նաեւ 3 տոկոս բոնուս է նախատեսում ամենաշատ քվե ստացողին, որ նա լրացնի պակասը եւ ձեւավորի կայուն մեծամասնություն։
2021-ին էլ շուրջ 12 տոկոս փոշիացվեց, որը կրկին օգնեց Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական մեծամասնություն կազմել: Եվ դրա մեղավորն այն փոքր ու մեծ քաղաքական ուժերն էին, որոնք չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը` 4 տոկոս կուսակցությունների, 8 տոկոս` դաշինքների դեպքում: Մինչդեռ ընտրություններից առաջ այդ բոլորին բազմիցս զգուշացվել էր` ինչ կլինի առանձին-առանձին հանդես գալու դեպքում, բայց նրանք անտեսեցին այդ հորդորները։ Անցած ընտրություններին Փաշինյանին «փոշիով» աջակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւս մասնակցելու է այս տարի, սակայն նրա առաջնորդը` Էդմոն Մարուքյանը, ընդդիմադիր դաշտին միասնական ճակատով մասնակցության առաջարկ է արել՝ վրացական մոդելով։ ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, վկայակոչելով սոցհարցումների արդյունքները, հիշեցնում է, որ Փաշինյանը չունի մեծամասնություն եւ ընտրություններին հաջողելու համար կարող է ինքը նպաստել, որ հնարավորինս շատ ուժեր մասնակցեն եւ փոշիացնեն ձայները։ «Մեծ քանակի ուժերի մասնակցությունը եւ ձայների փոշիացումը ձեռնտու են միայն այս իշխանությանը։ Ուստի ԼՀԿ-ն առաջարկել է ընդդիմությանը՝ ընտրություններին մասնակցել մեկ միասնական ճակատով, որը 2012 թվականին Վրաստանում կիրառված մոդելն է, ընդդիմությունը, ի դեմս Բիձինա Իվանիշվիլու, մասնակցում էր 4-5 ճակատով եւ բազմաթիվ անհատների միավորմամբ, որի արդյունքում ոչ միայն Իվանիշվիլին հաղթեց Սահակաշվիլուն, այլեւ խորհրդարան անցավ 2 ուժ, եւ շատ փոքր էր մնացյալ մասնակից ուժերի փոշին։ Մեր դեպքում, հաշվի առնելով, որ եղել է Մոլդովայի, Ռումինիայի սցենարը, որ փակել են որոշ ուժերի մասնակցությունը` այս հարցը եւս լուծում է, քանի որ իշխանությունը չի կարող մեկ ընդդիմադիր միասնական ճակատին դուրս թողնել ընտրապայքարից, իսկ առանձին մասնակիցներին կարող է։ Հայտնի է նաեւ, որ նախընտրական շեմը դաշինքների համար բարձրացվել է 8-10 տոկոս, սա եւս մեծացնում է փոշիացման հնարավորությունը»։ Եթե միավորում տեղի չունենա, ԼՀԿ-ն, Խաժակյանի փոխանցմամբ, միայնակ կմասնակցի ընտրություններին։ «ԼՀԿ առաջնորդն անգամ հայտարարել է, որ այդ կոնսոլիդացիայի ժամանակ պատրաստ է անձնապես ցուցակում չլինել, միայն թե կուսակցական ամբիցիաները մի կողմ դրվեն, եւ իշխանափոխությունը կայանա: Բայց եթե ընտրությունների մասնակից 20 եւ ավելի ուժերը կարծեն, որ յուրաքանչյուրն առնվազն 10% ունի իր գրպանում, ապա մենք առավել եւս պոտենցիալ ունենք՝ հաջողելու ընտրություններում»,- հայտարարեց Խաժակյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանն էլ է ընդդիմադիր գործընկերներին հորդորում՝ հետեւել ՀՅԴ-ի օրինակին, որը գալիք ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում է կայացրել։ «Դեղատոմսը, որը մենք առաջարկում ենք, խոշոր դաշինքների ձեւավորումն է, եւ մենք անում ենք այն, ինչը կոչ ենք անում ուրիշներին, եթե փոքր ընդդիմադիր ուժերը տեսնում են, որ շանս չունեն անցնելու, պետք է գան՝ խոշոր դաշինքներին միանան կամ իրար հետ միավորվեն, այլապես գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար կարող են ջուր լցնել Նիկոլ Փաշինյանի ջրաղացին»,- ասաց Խաչատրյանը՝ հիշելով, որ 2021 թվականին շուրջ 25 ուժ էր մասնակցում ընտրություններին: «Ես ուզում եմ հավատալ, որ այդ մասնակիցների մեծ մասն ուղղակի սխալ էր գնահատել իր շանսերը, ոչ թե գիտակցաբար ընդդիմադիր դաշտում Փաշինյանի խաղն էր խաղում։ Հիմա էլ ենք կոչ անում ընդդիմադիր ուժերին՝ ընտրություններին մասնակցել մի քանի բլոկով, այլ լծակ չկա, գոյություն չունի` այս խնդրի դեմն առնելու»։










