«Հետքի» տեղեկություններով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց, ինչպես նաև կասեցվել է պաշտոնավարումը։
Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Aysor.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
ՔԿ-ից չհաստատեցին կամ չհերքեցին կոնկրետ անձի անունը՝ նշելով, որ այն կարող է համարվել անձնական տվյալ, սակայն փոխանցեցին հետևյալ տեղեկությունը․
«Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»։
Նշենք, որ Քննչական կոմիտեն այլ մանրամասներ այս փուլում չի հաղորդում։










