Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
Հոգևոր առաջնորդությունը կարևորագույն առաքելություն է իրականացնում Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։
«Գնդերեցները եղել են բանակի սիրտը»… այս խոսքերը միշտ են հնչել, երբ խոսվել է բանակ-եկեղեցի կապի մասին, այսօր, սակայն, իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավի ֆոնին այս կապն էլ են փորձում ջնջել։
«Իզմիրլյան» ԲԿ-ում հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը, ով հոգևոր ծառայություն է իրականացրել որպես գնդերեց, նշում է՝ հետագայում կերևա, թե որքան են գնդերեցներն օգուտ տվել բանակին։
«Երբ մի դեպք էր պատահում, մեզ մեղադրում էին՝ դուք չեք ծառայել, չեք աշխատել, դրա համար դեպքը եղել է, բայց ոչ մեկի մոտ հաշվետվություն չկա, թե քանի-քանի դեպքերն են կանխվել միայն ու միայն հոգևորականի լուռ ներկայությամբ կամ՝ հոգևորականի խոսքից ելնելով։ Մենք 80 հոգանոց վաշտի հետ զրույց էինք ունենում, չգիտեինք՝ նրանց հոգում ու մտքում ինչ միտք կա կամ չկա, ու շատ հաճախ, եթե անգամ որոշել էին արատավոր որևէ բան անել, մեր խոսքից հետո իրենք իրենց մտքում դարձի են եկել ու չեն արել այդ քայլը, բայց դա որևէ տեղ արձանագրված չէ, միայն՝ վերևում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։
Հայր Սուրբն ընդգծեց՝ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարելու որոշումը միայն մեկ նպատակ ունի՝ վնասել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։
«Իրենց չի հետաքրքրում, թե այս քայլից քանի զինվոր կտուժի, քանի ընտանիք կտուժի, բացարձակ չի հետաքրքրում, իրենք խնդիր են դրել, պետք է այդ խնդիրը մինչև վերջ լուծեն ու այդ ճանապարհին ովքեր կտուժեն՝ ոչ մեկին հետաքրքիր չէ»,- նշեց Հայր Հովհաննեսը։
Հայր Սուրբը վստահ է՝ այս իշխանություններին չի հաջողվի քանդել եկեղեցին, եկեղեցին անսասան է։
«Եկեղեցու հիմքը Քրիստոսն է, մահը չկարողացավ հաղթել Քրիստոսին, իրենք ո՞վ են։ Ցավ ենք ապրում, որ ապրում եք այս օրերը, բայց օրվա հրամայականը սա է՝ հոգևոր պատերազմի մեջ ենք»,- ընդգծեց Հայր Հովհաննես Թորգոմյանը։










