ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.
«Այսօր վաղ առավոտից գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ գտնվում ենք Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացնում։ Մոտենալով վերջիններիս՝ պահանջել եմ պարզաբանում, թե ինչով է պայմանավորված նրանց ներկայությունը եկեղեցու մերձակայքում։
Աշխատակիցները խնդրեցին, որպեսզի պարզաբանումների համար դիմեմ իրենց վերադասին։ Փորձեցի կապ հաստատել ռազմական ոստիկանության պետի և պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հետ, բայց զանգերս մնացին անպատասխան։
Տեղեկացա, որ ՊՆ֊ից փոխանցել են լրատվամիջոցներին, թե իբր ամեն ինչ նորմալ է, և որ ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերի տարածքում իրականացնում են բնականոն ծառայություն։ Փաստորեն, եկեղեցին այս իշխանությունների ընկալումներում կարող է լինել զորամաս։
Հավատավոր ժողովուրդը, որը չի դադարում այցելել Ս․ Աստվածածին, ապշած է, թե ինչ գործ ունի ռազմական ոստիկանությունը եկեղեցու տարածքում։
Չի բացառվում, որ ինչպես Հովհաննավանքը բռնագրավվեց սրանց կողմից, այդպես էլ փորձ է արվում «սեփականացնելու» Մայր Աթոռին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող եկեղեցին, այս անգամ՝ ՊՆ֊ի միջոցով։
Ակնհայտ է, որ սա կապված է փետրվարի մեկից զինված ուժերում հոգևոր ծառայության կարգը փոփոխելու որոշման հետ, որի համաձայն կդադարեցվի Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը։
Ըստ էության, Սուրեն Պապիկյանը երեկ ստորագրել է մի ապօրինի հրամանագիր, որով վերացվում է գնդերեցների գունդը։
Սա հերթական հարվածն է ուղղված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Արդեն ութ տարի է, ինչ սրանք բոլոր ճղճիմ և ապօրինի միջոցներով փորձում են խարխլել 1700-ամյա ազգային և հոգևոր ինստիտուտի հիմքերը։
Սա ձեր դեմ է աշխատելու, չե՛ք հաջողելու։ Հայ Առաքելական եկեղեցին այս փորձությունն էլ է հաղթահարելու։ Վստահ եմ, որ հավատավոր ժողովուրդը վաղն այստեղ մասնակցելով Սուրբ Պատարագին՝ իր ներկայությամբ պաշտպանելու է Սուրբ Աստվածածինը»։










