«2027 թվականին մեզ մոտ մշակվեց և գործի դրվեց Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը երկար ժամանակ ապահովում էր Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության հարցերը»,-«ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Նա նկատեց, որ այդ ռազմավարության մեջ դիտարկված էր Արցախը, հայկական սփյուռքը, Եկեղեցին, Հայկական հարցը, արտաքին վեկտորալ քաղաքականությունը։
ՀՀԿ ԳՄ անդամը նշեց, որ այդ ռազմավարության շնորհիվ երկար ժամանակ Հայաստանը համարվում էր հավասարը՝ հավասարի հետ պետությունը, դաշնակիցներ ունեցող, ոչ միայն արտաքին անվտանգություն սպառող, այլ՝ արտադրող պետություն, տարածաշրջանում գործոն՝ նաև անվտանգային իմաստով։
«Մեր ժողովուրդն այն ժամանակ չէր զգում անվտանգային խնդիրը, չնայած քաղաքական միտքը քննարկում էր այդ խնդիրները։ Անվտանգությունը թթվածնի նման մի բան է, երբ որ կա՝ չես նկատում, բայց երբ որ չկա, սկսում ես շնչահեղձ լինել»,-ասաց Զաքարյանը։
Նա հիշեցրեց, որ գործող իշխանությունները 2020 թվականին փոխեցին ազգային անվտանգության ռազմավարությունը և անհասկանալի փաստաթուղթ գրեցին՝ փողոցային կոչերի հիման վար և դրանից կարճ ժամանակ անց պատերազմ եղավ և ՀՀ-ի անվտանգային միջավայրը քանդվեց։
Դրանից հետո էլ, ըստ Զաքարյանի, իշխանությունները շարունակում են անվտանգությանը հակասող քայլերը և 2023 թվականին Արցախի կորստով կորցրեցինք արևելյան անվտանգային ամբողջ համակարգը։
«Այս վիճակում Արևմուտքը փորձում է մեզ ներքաշել քաղաքական ավանտյուրայի մեջ, որը ՀՀ-ի բոլոր շահերը դնում է խորը հակասությունների մեջ և առաջացնում բախման օջախներ ինչպես Իրանի, այնպես էլ Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և քաղաքական Արևմուտքի շահերի միջև»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Նա նկատեց, որ այն տարածքներում, որտեղ ԱՄՆ-ն ռազմավարական շահեր չունի՝ շատ արագ հրաժարվում է դրանցից, ինչպես Աֆղանստանից, որտեղ մեծ ներդրումներ էր արել։
«Փոխված աշխարհում և մեր թուլացած նվազած ամվտանգային ռեսուրսների պարագայում մենք պետք է շատ արագ նոր ազգային անվտանգության ռազմավարություն մշակել, որովհետև փոխվել են բոլոր պարամետրերը»,-ասաց Զաքարյանը, և, նշելով որ նոր ռազմավարությամբ պետք է զբաղվեն բոլորը, որովհետև սպառնալիքները միայն ընդդիմությանը ուղղված չեն, հավելեց. «Երբ անվտանգությունը դառնա սպառնալիք ֆիզիկական, կենսաբանական, բարոյահոգեբանական առումով, տեղեկատվական տեռորի իմաստով, ապա այդտեղ արդեն չեն հարցնի, թե ով է ընդդիմություն կամ իշխանություն, հարուստ կամ աղքատ»։
Նրա խոսքով պետք է առաջին հերթին մշակեն ռազմապաշտպանական նոր մոդել, որը պետք է տեղավորվի տեխնոլոգիական և կիբեր տարածքում, որտեղ պետք է ունենալ գերակայություն Ադրբեջանի նկատմամաբ՝ բոլոր առումներով։
«Եթե մեր բնակավայրերը Ադրբեջանի թիրախի տակ են, ապա ադրբեջանական կիբերտարածքը մեր թիրախի տակ պետք է լինի և նման ձևով պահել բալանսները»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը և շարունակեց. «ՀՀ-ն կորցրեց իր երաշխավորներին, որովհետև մինչև այսօր նա հստակ չի ասում, թե որն է իշխանության նպատակը՝ բացի ՀՀ-ին վնասելուց»։










