Արցախում 2 հայ է մնացել. Գեղամ Ստեփանյան


Արցախում 2 հայ է մնացել. Գեղամ Ստեփանյան
Հունվար 27 23:16 2026

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեղեկություններով` Արցախում 2 հայ է մնացել, Միշա Գրիգորյանը և ևս 1 կին։ 

 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում  Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Միշան Արցախից Հայաստան եկած հայերի խմբի մեջ է եղել, սակայն ճանապարհի կեսից հետ է վերադարձել, իսկ այդ կնոջը չեն էլ բերել։  Նրա փոխանցմամբ` այս օրերին  շփվել է Հայաստան եկած 10 հայերից որոշների հարազատների հետ։

 

«Նրանցից ոչ մեկը չգիտեր՝ ո՞ւր են տանում։ Առավոտյան ասել են՝ նստեք մեքենաները։ Միայն Հակարիի կամրջի մոտ են հասկացել, որ Հայաստան են գալիս».- ասաց. Գ. Ստեփանյանը։Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ վերջին 3-4 ամիսներին հայերն Արցախում դժոխային պայմաններում են ապրել:

 

«Որոշների մոտ խոշտանգման հետքեր կան, որոշների մոտ էլ հյուծվածություն կա։ Ժամանակ է պետք, որ կազդուրվեն։ Մանավանդ՝ մեծամասնությունը հոգեկան խնդիրներ ունեն։ Սեպտեմբերից բոլորին տեղափոխել էին Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոց և փաստացի գերության մեջ պահել։ Հաստատ դեռ մի քանի ամիս առաջ նրանցից ազատվելու որոշում կար»,- ասաց Գ. Ստեփանյանը։

 

Նրա կարծիքով`Կարեն Ավանեսյանի դեպքից հետո են հայերի հետ սկսել դաժան վարվել, երբ, ըստ ադրբեջանական աղբյուրների, վերջինս զինված գործողություններ է փորձել իրականացնել Ստեփանակերտում։

 

Արցախի ՄԻՊ-ի տեղեկացմամբ`  Արցախից Հայաստան տեղափոխված հայերն այժմ գտնվում են Աղվերանում։

 

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 23-ին տեղեկացրել է, որ Արցախում մնացած 10 հայեր  և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Պաշտոնական Երեւանի պնդմամբ` հայերն են դիմել ՀՀ տեղափոխվելու խնդրանքով, սակայն պարզվում է, որ իրականում չեն էլ իմացել, թե ուր են իրենց տանում ադրբեջանցիները: