ԵԽԽՎ-ի կողմից երեկվա անընդունելի բանաձևը խայտառակություն է. ֆեյսբուքյան էջում հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Ստրասբուրգում ընդունած ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևին։
«Այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ, և տեղ չեն գտնում այնպիսի փաստեր քաղբանտարկյալների և այլ թեմաներով, որ պարզապես անհասկանալի է, բայց դա մեզ համար նորություն չի, դրա մասին մենք խոսել ենք ու խոսելու ենք: Խնդիրն այն է, որ այնտեղ առկա է առնվազն 3 կետ, որոնց մասին իշխանական քարոզչամեքենան չի խոսելու ու, կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի դուք դա իմանաք։
Առաջին․ զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա: Դա նշանակում է, որ այն հեքիաթները, որոնք Փաշինյանը պատմում է, թե սա եկեղեցու դեմ չի, հօդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում, հստակ նշվում է, որ առկա է առճակատում պետության և եկեղեցու միջև:
Զեկույցում նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունն ու իրականությունը չարձանագրելու մոտեցումը, նշվում է, որ ընտրությունների ժամանակ պետք է բացառվի պետական ռեսուրսի սխալ օգտագործումը:
Հստակ նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները՝ քաղաքական ազդեցությունից:
Պատկերացնում եք, թե ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները և ինչքան անհնար է չնկատել ու կոծկել, որ անգամ միջազգային կազմակերպությունների մոտեցմանը՝ Փաշինյանի ցանկացած արարք պաշտպանելու, չեն կարողացել նրա մասին չներառել այս զեկույցում»,- եզրափակել է նա:










