Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Այս մասին Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի հունվարի 26-ի հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում: Նարեկ Կարապետյանի՝ հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։
Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիանա Ղահրամանյանն իր էջում գրել է․ ««Մեր ձևով» շարժման համաժողովրդական լայն աջակցությունը, հավանաբար, առողջական խնդիրներ է առաջացրել ոմանց մոտ և նրանք, գուցե, բուժման կարիք ունեն։
Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում։ Նշված վարույթը հարուցվել է դեռ ամիսներ առաջ` Թաքեր Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո։
Ուրախ ենք, որ փոքրիկ խմբակին վերջապես մտահոգել է ՀՀ քաղաքացու առողջությունը։ 7 ամիս շարունակ Նարեկ Կարապետյանի «դոսյեն», խոշորացույցով անօգուտ քրքրելուց ու ոչինչ չգտնելուց հետո իշխանությունը հիմա էլ փորձում է իր բախտը այս թեմայի մեջ»:










