ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր հոտին տեղեկացնելով, որ մասնակցելու է Եպիսկոպոսաց Ժողովին։ Հիշեցնենք, որ նա միացել էր տիրադավ եպիսկոպոսներին ու Փաշինյանի եկեղեցու դեմ սանձազերծած արշավին։
Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, 2025 թ. դեկտեմբերի 10-12-ը պետք է հրավիրվեր եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Սակայն դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռից հայտնել էին, որ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է. «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»։
Օրեր առաջ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։










