Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի. Իշխան Սաղաթելյան


Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի. Իշխան Սաղաթելյան
Հունվար 23 23:53 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի

Իմացա, որ այսօր ԱԺ-ում բուռն ծափերի են արժանացրել իմ բացակայությունը։

Փաստորեն, 4,5 տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանի միակ «հաշվետվությունը» ժողովրդին իմ նիստերի մասնակցության վիճակագրությունն էր։

Ցավոք, որևէ խոսք մեր հանրությունն այդպես էլ չլսեց մարդու վրա թքելու, մեր կորուստների, մսխված միլիոնների մասին։

Այո՛, 4,5 տարում 244 նիստից 100-ին չեմ մասնակցել ու, բնականաբար, չեմ վարձատրվել բացակայությունների համար, բայց 4,5 տարում ու ձեր իշխանության ողջ ժամանակահատվածում ոչ մի օր չեմ լռել երկրի ճակատագրական հարցերի մասին։

Որքան փորձել եք հալածել, շինծու քրեական գործերով կաշկանդել, այնքան ամրապնվել է ձեզ հեռացնելու վճռականությունը. դրանում դեռ կհամոզվեք:

Ձեր իշխանության 7 տարում իմ ընտանիքին պատկանող ընկերությունները 600 միլիոն դրամից ավելի հարկ են վճարել պետությանը, որի բյուջեն դուք և ձեր ձրիակեր թիմը մսխում եք պարգևավճարների ու շքեղությունների վրա։

Լավ է, որ իմ բացակայությունն այդքան նկատելի է ձեզ համար։ Ցավոք, այդ դահլիճում կան մարդիկ, ովքեր բոլոր նիստերին ֆիզիկապես ներկա են եղել, բայց պատմությունը նրանց հիշելու է որպես «մեծ բացակա» հայկական շահն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցում։

Այնպես որ, դուք շարունակե՛ք հաշվել իմ բացակայությունները, իսկ մենք ժողովրդի հետ շարունակելու ենք հաշվել ու ներկայացնել ձեր ձախողումների ու դավաճանությունների ցանկը` միասին աշխատելով ձեզ իշխանազրկելու ուղղությամբ։

Յուրաքանչյուրն զբաղված է իր օրակարգով։

Հ.գ. Չեմ դադարում զարմանալ վարչախմբի ներկայացուցիչների ծափ տալու ստրկական սովորության վրա