ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանի համոզմամբ՝ եկեղեցիները պետք է պետության սեփականությունից բացի, որևէ մեկին պատկանելու իրավունք չունենան։
ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու իր նախագծին՝ նա նշեց, որ նույնիսկ եթե որևէ հիմնավորում չլինի, թե Մայր Աթոռը կրոնական հուշարձանները նվիրաբերում է այլ անձանց, պետությունը պարտավոր է պաշտպանել իր տարածքում գտնվող կրոնական հուշարձանները։
«Աշխարհի երկրների մեծամասնությունը, այդ թվում՝ առաջադեմ երկրները, որևէ կերպ այլ կազմակերպությունների սեփականության իրավունք չեն տալիս։ Օրինակ՝ Հունաստանում եկեղեցիները, բացի պետության սեփականությունից, որևէ մեկին պատկանելու իրավունք չունեն։ Սա առաջադեմ միջազգային պրակտիկա է, և, կարծում եմ՝ Հայաստանը նույնպես պետք է այն որդեգրի։ Իհարկե, այժմ կան իրավական խոչընդոտներ, բայց դա ավելի տրամաբանական է, քանի որ այդ եկեղեցիները պատկանում են հայ ժողովրդին»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե կան հստակ փաստեր եկեղեցու կողմից գույքի նվիրաբերման վերաբերյալ՝ Ղազարյանը նշեց․
«Մամուլում կան հրապարակումներ։ Եկեղեցու փաստացի իրավական ներկայացուցչի ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար անուններ և հասցեներ չեմ նշի, բայց կան հրապարակումներ, որ Գարեգին Բ-ն իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է տվել, ընդ որում՝ չհերքված։ Ասողիկ քահանան, ով ներկայացնում է եկեղեցին իրավաբանորեն, նշել է, որ Գեղարդից մի մասունք նվիրաբերվել է ՌԴ ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդին։ Այսինքն՝ մշակութային արժեքների ընծայաբերման պրակտիկա կա»,– ասաց նա։










