Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է. Նիկոլ Փաշինյան


Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է. Նիկոլ Փաշինյան
Հունվար 21 17:41 2026

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, Ազգային ժողում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, որտեղ նշվել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական։

Նա ասաց, թե նախկինում ԱԺ պատգամավորների մի մասը եղել է մի երկրի քաղաքացի, որը փլուզվել է, այդ թվում՝ սպառազինությունների ինքնամոռաց մրցավազքի մեջ մտնելու համար։

«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանում հռետորաբանությունը փոխվել է, Հայաստանում՝ ևս։

Ինչ վերաբերվում է անվտանգության հնարավոր ռիսկերին ու սպառնալիքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի պետական համակարգն անընդհատ դա վերլուծում է ու բոլոր ծառայություններն անում են իրենց աշխատանքը։

«Հայաստանը երբեք ու ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել ու չի կորցնելու, բայց այսօր՝ 2026 թվականին հունվարի 21-ի  դրությամբ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»,- վստահեցրեց նա։