«Իշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին: Խոսքը վերաբերում է նոր միացման բաժանորդների վճարներին: Փաստ է, որ իշխանության կողմից կառավարվող, բայց թղթի վրա անկախ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2023 թվականի ապրիլից 1-ից բազմակի անգամ թանկացրեց նոր բաժանորդների համար միացման արժեքը»,- այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
Ըստ նրա, հիմա, նոր բաժանորդների համար միացման արժեքը 90 000 իջեցնելով, փորձում են որպես լավություն վաճառել ժողովրդին: ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատարը շեշտեց, որ 90 000 դրամ իջեցնելով՝ ամբողջ միացման արժեքի 35 տոկոսը մնում է ժողովրդի վրա:
«Դա բեռ է լինելու մեր բոլորի կողմից վճարվող սակագնի վրա: Բացի այդ, քաղաքապետարանի որոշմամբ, յուրքանչյուր գծամետր մալուխ անցկացնելու դեպքում ծառայություն մատուցող ընկերությունները քաղաքապետարանին պետք է 10 000 դրամ վճարեն: Այսինքն՝ քաղաքապետարանն իր տուրքերը չի հանում, որն ընդհանուր միացման արժեի մեջ կազմում է մոտ 20 տոկոսը, բայց այստեղ 35 տոկոսը թողնվում է ժողովրդի վրա»,- նշեց նա:










