Երեկ հայտնի դարձավ, որ Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ հետապնդումներ են սկսվել։ Ըստ լուրերի, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է ճնշումներ գործադրել այն քահանաների նկատմամբ, ովքեր որպես առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին։
Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ Մասյացոտնի թեմից Տեր Արտաշես քահանա Հակոբյանը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգումներին»։
Արագածոտնի թեմի Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը, հարցնելով նաև, թե արդյո՞ք վտանգված չէ քահանաների անձնական կյանքն ու խոսքի ազատությունը։
Aysor.am-ի հետ զրույցում Տեր Սարգիսը հիշեցրեց, որ հոկտեմբերի 15-ից սկսած, երբ Արագածոտնի թեմի քահանաներին բերման էին ենթարկել, ակնհայտ դարձավ՝ գործընթացներն իրավական հենք չունեն.
«Պարզ դարձավ, որ որևէ իրավական կողմի պահպանություն չկա։ Մարդիկ ինչ-որ բաներ են ասել, վարչական ռեսուրսն էլ, հիմնվելով այդ խոսքերի վրա, ամեն տեսակ լծակ կիրառում է՝ ինչ-որ բանի հասնելու համար»։
Նրա խոսքով՝ բազմիցս դիմումներ են ներկայացրել թե՛ բերման ենթարկվելու, թե՛ գույքի վերադարձի հարցերով, սակայն իշխանությունները գործել են իրենց հայեցողությամբ։
«Նույն պատկերն այսօր տեսնում ենք Մասյացոտնում։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու եկեղեցական ժողովն իրավունք ունեն որոշումներ կայացնելու և դրանք կյանքի կոչելու։ Բայց փաստացի տեսնում ենք, որ այդ որոշումները չեղարկվում են, դատարաններում գործընթացներ են սկսում։ Սա ցույց է տալիս, որ մեր երկրում, ցավալիորեն, չի հարգվում սահմանադրական կարգը, ոչ էլ՝ մյուս օրենքները։ Գործում են ըստ իրենց կամեցողության։
Հիմա էլ լուրերից տեղեկացանք, որ ճնշումներ են գործադրվում Մասյացոտնի թեմում ծառայող քահանաների նկատմամբ. հորդորում են, համոզում են, փորձում են ստիպել ընդունել թեմի նախկին առաջնորդի իրավասությունը։ Սա մեզ շատ է ցավեցնում, և աղոթում ենք, որ մեր քահանա եղբայրներն ամուր մնան»,- ասաց նա։
Տեր Սարգիսը կոչ արեց հավատավոր ժողովրդին կանգնել իրենց հոգևոր հայրերի կողքին։
«Մեր հորդորն է ոչ միայն քահանա եղբայրներին, այլ նաև՝ ամբողջ հավատավոր ժողովրդին, որ քահանաներին մենակ չթողնեն, կանգնեն նրանց կողքին, պաշտպանեն իրենց իրավունքը՝ աղոթական կարգի, նորմալ պատարագներ ունենալու իրավունքը»,- նշեց քահանան։
Նրա խոսքով՝ այս փորձությունը պատահական չէ։
«Որևէ փորձություն որևէ ժողովրդի վրա հենց այնպես չի տրվում։ Մենք ազգովին գլուխ ենք գովել, որ համար մեկն ենք, հիմա էլ Աստված ասում է՝ ցույց տվեք»,- ընդգծեց նա։
Տեր Սարգիսը շեշտեց, որ այս փուլում ամենակարևորը հավատքին հավատարիմ մնալն է.
«Մեզ համար ամենակարևորն է մնալ աղոթքով, մնալ ամուր, Քրիստոսին կպած, Ավետարանին կպած, Հայ Առաքելական եկեղեցուն ու Մայր Աթոռին հավատարիմ։ Թող Աստված զորացնի ամենքիս»։
Հայտնի է նաև, որ տեր Սարգիսն այս շրջանում Հովհաննավանք չի գնում, քանի որ եկեղեցու կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն է շարունակում այնտեղ ծառայություն իրականացնել, չնայած այն բանին, որ Մայր Աթոռի կողմից բազմիցս հայտարարվել է՝ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը։
Կարգալույծ հռչակվելուց հետո էլ Ստեփան Ասատրյանը շարունակում է Հովհաննավանքում «պատարագներ» մատուցել, դրանցից երկուսին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։
Aysor.am-ի հետ զրույցում Տեր Սարգիսն ասաց, որ ինքն ու Տեր Մանուկը Հովհաննավանք չեն գնում.
«Ուշի, Օհանավան գյուղերում, երբ արարողություններ են լինում ու մեզ հրավիրում են, գնում ենք. տնօրհնեք, հուղարկավորություն կամ որևէ այլ արարողություն, խոչընդոտումներ չեն եղել։ Իհարկե, այնտեղ էլ աշխատում են վարչական ռեսուրսով ուղղորդել մարդկանց, որ անպայման իրենց ուզած, արդեն կարգալույծ քահանային կանչեն։ Դա էլ մարդկանց ընտրությունն է, դա էլ մեծամասամբ կապված է իրենց կուսակցական պատկանելության հետ»,-ասաց Տեր Սարգիսը։










