Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը տարեսկզբին հագեցած է մարզական հավաքներով։ Ըմբշամարտի մարզադահլիճում Հայաստանի հավաքականը մեծաքանակ ըմբիշներով է նախապատրաստվում առաջիկա մրցաշարերին
Հայաստանի հավաքականի հետ համատեղ մարզումներ են անցկացնում նաև Ավստրիայի ու Չեխիայի հավաքականները։ Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով կարևոր է տարին սկսել ծաղկաձորյան հավաքով․ «Ծաղկաձորում ամենադժվար հավաքներն են տեղի ունենում։ Սպորտային համալաիրում շատ լավ պայմաններ են։ Եթե այստեղ լավ հավաք ենք անցկացնում, ապա ամբողջ տարին լավ մարզավիճակում ենք լինում։ Այս տարի ունենք Եվրոպայի ու աշխարհի առաջնություն ու պետք է ամեն ինչ անեմ, որ նվաճեմ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնությունը»,-ասում է Արսեն Հարությունյանը։
Ավստրիայի հավաքականի մարզիչ Բոդի Յենյոն նույնպես տպավորված է մարզահամալիրի ենթակառուցվածքներով ու Ծաղկաձորի կլիմայական պայմաններով։ «Ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Այս մարզաբազան հիանալի է։ Սնունդը շատ համեղ, մարզադահլիճում ունենք 5 մրցագորգ։ Եղել եմ շատ այլ երկրներում, բայց այստեղ, ամեն ինչ այլ է։ Հիանալի է, որ մենք այստեղ ենք ու մարզվում ենք հայ ըմբիշների հետ»,-նշել է Ավտսրիայի հավաքականի մարզիչը։
Վերջերս միջազգային լիցենզիա ստացած լողավազանը նույնպես աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով։ Օրեր առաջ ուսումնմարզական հավաքն ավարտեցին գերմանացի լողորդները, իսկ այս օրերին հավաք են անցկացնում Ռուսաստանի, Բելառուսի, Հունաստանի ու Մոլդովայի հավաքականների 100–ից ավելի լողորդներ նախապատրաստվում են տարվա կարևորագույն մրցաշարերին։ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ղեկավարությունը շարունակում է բարելավել ենթակառուցվածքները՝ ստեղծելով էլ ավելի հարմարավետ պայմաններ մարզիկների համար։
Շուտով նոր տեսք կստանա մարզասրահը, որը հագեցած կլինի բարձրակարգ մարզասարքերով։ Կառուցվելու է նաև նոր կոնֆերանս դահլիճ, որտեղ կտեղավորվի շուրջ 200 հոգի։ Բացի այս, մեծ աշխատանքներ են տարվում նաև հյուրանոցային համալիրում։ Արդեն սկսվել են սենյակների վերանորոգման աշխատանքները, որոնց թիվը նաև ավելանալու է` 188-ից դառնալով 220։ Քննարկվում են նաև մարզահամալիրում ֆուտբոլի խաղադաշտի վերանորոգման ու մարզադաշտ կառուցելու հեռանկարները։










