Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարբեր պահաբաժիններում, շինարարական տեխնիկայի կիրառմամբ, կոտրելու և արմատախիլ անելու եղանակով ոչնչացրել է պետական սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 208 ծառ։
ՔԿ-ից մանրամասնում են, որ նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի վարչական տարածքում նույն եղանակով ոչնչացվել է համայնքային սեփականություն հանդիսացող տարբեր տրամագծերի 119 ծառ։
Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 479 հզր ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանն ու Գյուլագարակ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։










