Նախկինի նման ոչ թե կանխիկ է, այլ թափանցիկ, հանրությունը գոնե չպետք է զայրանա. նախարարը՝ պարգևավճարների «խիզախ» քայլի մասին


Նախկինի նման ոչ թե կանխիկ է, այլ թափանցիկ, հանրությունը գոնե չպետք է զայրանա. նախարարը՝ պարգևավճարների «խիզախ» քայլի մասին
Հունվար 21 12:47 2026

Պետական պաշտոնյաների աշխատավարձերը, մեծ հաշվով, վերջին 5–6 տարիների ընթացքում չեն փոխվել, և մեկ-երկու տարի առաջ քննարկում է եղել այն մասին, որ այստեղ ինչ-որ բան պետք է անել։ Այդ մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ նվաճումների համար են ստացել այդքան մեծ չափի պարգևավճարներ և արդյոք արդարացվա՞ծ է 3,5 մլրդ դրամ հատկացված ֆոնդը։

 

Նախարարը նշեց, որ պետական համակարգում չեն կարողանում ներգրավել լավ մասնագետների, և դրա պատճառներից մեկը գործող աշխատավարձային մակարդակն է։

 

Ըստ նրա՝ ներդրվել է համակարգ, որը հիմնված է երեք թիրախների գնահատման արդյունքների վրա։

«Բնականաբար, տարբեր գերատեսչություններում տարբեր էին, և գնահատումը տեղի ունեցավ։ Չէի ասի՝ սա պարգևավճար է, ուղղակի դա աշխատավարձի բարձրացում է, պարզապես մի փոքր այլ եղանակով»,- ասաց նա։

 

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ այս փաստը հանրության շրջանում զայրույթ է առաջացնում, Հովհաննիսյանը պատասխանեց.

 

«Ինչի՞ց կարող եք դուք զայրանալ։ Այս քայլն անելը բավականին խիզախ քայլ է, որովհետև նախկինում նման թեմա գոյություն չուներ, որովհետև ավելի հեշտ էր՝ կանխիկ ինչ-որ մեկը գար ու փող բաժաներ, ու այսպես թեմա չլիներ, շահարկման թեմա չլիներ։ Մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամեն ինչ թափանցիկ լինի։ Կարծում եմ, որ մեր հանրությունը, եթե չասեմ պետք է գոհ լինի, ապա չպետք է զայրանա սրանից, որովհետև մենք հավելյալ 300 մլրդ դրամ հարկ ենք հավաքել, այն պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում, ազատություն է տրված, հարկերը վճարում են։ Եվ, այո՛, պետք է վճարվի որպես աշխատավարձ, և պաշտոնյաները, ովքեր բավականին լարված, սթրեսային աշխատանքով են զբաղված, պետք է սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան հասնել աշխատանքի կատարման հանձնառությանը»,- ասաց նա։