Ուկրաինայի Հայոց թեմի հոգևորական Տեր Արտաշես Հակոբյանը գրում է. «Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի իբր ես միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով, ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։
Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝ նույն անուն-ազգանունը կրող մեկ այլ Տեր Արտաշես, սակայն լրատվական որոշ հարթակներ դիտավորյալ կամ անփութությամբ օգտագործել են իմ լուսանկարները, դրանով իսկ մոլորեցնելով հանրությանը։
Կրկին և հստակ արձանագրում եմ․
ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որը իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը, խաթարմանը կամ տապալմանը, անկախ նրանից՝ ինչ անվան տակ է այն ներկայացվում։
Կարևոր եմ համարում նշել, որ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնության շրջանակում հնչող բազմաթիվ հայտարարություններ և քննադատություններ կրում են բանբասանքի և ընդհանրացումների բնույթ, առանց հստակ, ճշգրիտ և հիմնավոր ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ։
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր Հայրապետը հավատացյալ, հայրենասեր և Եկեղեցուն ու ազգին նվիրված անձ է, և նրա նկատմամբ հնչող չհիմնավորված մեղադրանքները կապ չունեն իրականության հետ։ Ես անձամբ պատիվ եմ ունեցել չորս տարի ծառայել նրա անմիջական տնօրինության ներքո:
Խորապես ցավում եմ, որ այս կեղծ հրապարակումների հետևանքով շատ ընկերներ և հավատացյալներ նեղացել են ինձանից։ Այս գրառմամբ ցանկանում եմ նաև նրանց վստահեցնել, որ ոչ մի առիթ չկա կասկածի կամ տարակուսանքի։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգվել են, կապ են հաստատել և փորձել պարզել ճշմարտությունը»։










