Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին․ Սուրեն Սուրենյանց


Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին․ Սուրեն Սուրենյանց
Հունվար 20 19:37 2026

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին 

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի՝ 2026 թվականի մրցանակակիրների շարքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաժամանակ ընդգրկումը պահանջում է սառը քաղաքական վերլուծություն։ 

Մրցանակի հանձնաժողովի ձևակերպումները ակնհայտորեն կենտրոնացած են ոչ թե քաղաքական արդյունքների, այլ գործընթացի, հռետորաբանության և «խաղաղության օրակարգի» հռչակման վրա։ Այս տրամաբանության շրջանակում նույն մրցանակի շնորհումը թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Իլհամ Ալիևին՝ նույն բառապաշարով, վկայում է, որ հանձնաժողովը գիտակցաբար խուսափում է քաղաքական ու բարոյական տարբերակումներից՝ առաջնորդվելով «երկու կողմերն էլ խաղաղության ուղու վրա են» պարզեցված մոտեցմամբ։ 

Սա միջազգային խաղաղարար մրցանակներին բնորոշ գործելակերպ է, սակայն այն հիմնված է ոչ թե արդարության կամ պատասխանատվության, այլ քաղաքական նորմալացման տրամաբանության վրա։ Այդ նորմալացման շրջանակում հավասարեցվում են ոչ միայն հայտարարությունները, այլև դերակատարությունները՝ անկախ ուժային անհամաչափությունից և իրական հետևանքներից։ 

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի մրցանակը շնորհող հանձնաժողովի կազմում ԵՄ նախկին նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը։ 

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Միշելի քաղաքական գիծը հետևողականորեն միտված էր հակամարտության հնարավորինս արագ փակմանը՝ առաջին հերթին հայկական կողմի քաղաքական նշաձողի իջեցման հաշվին։ Այդ մոտեցման առանցքային դրսևորումը դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով փաստացի ընդունվեց, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ առանց կարգավիճակի, անվտանգության կամ միջազգային երաշխիքների։
Քաղաքական հետևանքը կանխատեսելի էր՝ բանակցային գործընթացի փլուզում, անվտանգության վակուում և Արցախի հայաթափում։ Այս իրողությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին՝ որպես փոխադարձ և հավասարակշռված գործընթացի։ Ավելի ճշգրիտ է այն բնութագրել որպես կոնֆլիկտի փակման քաղաքական տեխնոլոգիա, որի գինը վճարեց բացառապես հայկական կողմը։ 

Այս քաղաքական գիծը Շառլ Միշելին ապահովեց դիվիդենտներ արևմտյան ուլտրալիբերալ և գլոբալիստական շրջանակներում՝ նրան ներկայացնելով որպես արդյունավետ խաղաղարար միջնորդ, ով նպաստեց Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։ 

Նույն արժեքային համակարգում այսօր տրամաբանական է դիտվում նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական լեգիտիմացումը՝ որպես առաջնորդի, ով պատրաստ է գնալ բարձր ռիսկերի հանուն խաղաղության օրակարգի։ Այս համատեքստում տեղի է ունենում նույն քաղաքական փիլիսոփայության ներսում փոխադարձ լեգիտիմացում։ 

Այդ փիլիսոփայության առանցքային թեզը պարզ է․ խաղաղությունը հռչակվում է որպես գերագույն արժեք, նույնիսկ այն դեպքում, երբ այն ձեռք է բերվում միակողմանի զիջումների, ինքնիշխանության թուլացման և հիմնարար իրավունքների կորստի հաշվին։ Այս համակարգում արդյունքը երկրորդական է, իսկ հռչակված գործընթացը՝ առաջնային։ 

Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց․ կարո՞ղ է «մարդկային եղբայրության» գաղափարի ներքո տրվող մրցանակը շրջանցել այն փաստը, որ այդ խաղաղության քաղաքականության անմիջական հետևանքը մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանությունն էր։ Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսորին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման»։