Սրտիկներ՝ կողմնակիցներին, բանտ՝ ընդդիմախոսներին. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության գործողությունների մասին


Սրտիկներ՝ կողմնակիցներին, բանտ՝ ընդդիմախոսներին. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության գործողությունների մասին
Հունվար 20 17:32 2026

Ի՞նչ պատահեց, որ քաղաքացիներին կեղծ ժպիտով սիրող ու նրանցով հպարտացող իշխանությունը սկսեց խմբագրել իր խոստումները՝ սեփական վերաբերմունքն արտահայտելով ընտրովի, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն քաղաքացիները, որոնք մասնակցում են իշխանության խրախճանքին, շրջիկ կառնավալներին և ամեն գնով պաշտպանում փաշինյանական իշխանությունը, ստանում են սրտիկներ ու հաճոյախոսություններ։

Իսկ նրանք, ովքեր չեն կիսում իշխանության և նրանց կուսակցական վոժդի լավատեսությունն ու տեսակետները, ենթարկվում են քաղաքական հետապնդման, վերածվում խղճի բանտարկյալների, հայտնվում են բանտերում և անդադար ընկնում դատարանային հրմշտոցների մեջ։

Մեկը հանդգնել է զբաղվել քաղաքականությամբ, մյուսը «մեղավոր» է, որովհետև հեղինակություն ունի, երրորդը իշխանությանը ոչ հաճո տեսանյութեր է հրապարակում, մեկը մերժել է դավաճանությունն ու ուրացումը, մյուսը պարզապես չի տեղավորվում իշխանության ընտրական հաշվարկներում։

Այս իշխանության համար ի սկզբանե առանցքային սկզբունք է եղել կառավարել հանրային ատելության և թշնամանքի հիմքով՝ արհեստական ճգնաժամեր հրահրելու և դրանք «հերոսաբար» լուծելու հաշվարկով։

Այս ռեժիմին հատուկ է մարդկանց տարանջատման և ներհասարակական կոնֆլիկտի վրա խաղալով՝ ջարդել համերաշխությունը և երկրի դիմակայունությունը, լուծել սեփական ներքաղաքական խնդիրները, իսկ արտաքին անվտանգության հարցը թողնել հովանավորների խղճին։

Իշխանությունը ներքին վախերի, կուտակված բարդույթների և արժեզուրկ պատկերացումների պայմաններում իրավիճակից դուրս գալու մեկ ճանապարհ է ընտրել՝ ոչնչացնել, փլել, ամայացնել ամեն ինչ՝ լինի մարդ, գաղափար թե ինստիտուտ, որոնք ապահովում են երկրի բնականոն ընթացքը, զարգացումն ու հարատևությունը։ Մայր Աթոռի դեմ քայքայիչ հարձակումը դրա վկայությունն է։

Այս 8 տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ ենթարկվել են քաղաքական հետապնդումների, շատերի նկատմամբ կալանքը ընտրվել է որպես պատժի ձև, ոմանք տարիներով հայտնվել են ճաղերի հետևում։

Այս պահին, օրինակ, առողջական ծանր խնդիրներով հացադուլի մեջ է մեդիա ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը, որի իրավունքները խախտվել են բոլոր առումներով՝ խուզարկություններից և կալանավորումից մինչև քաղաքական հետապնդման ամբողջ շղթան։

Կամք, համբերություն և ամուր նյարդեր բոլոր այն անձանց, ովքեր պայքարում են սեփական իրավունքների վերականգնման համար։

Սատարումս բոլոր քաղբանտարկյալներին, ովքեր իշխող ռեժիմի ծանր ճնշումների ու հարձակումների պայմաններում պաշտպանում են սեփական տեսակետն ու սկզբունքները։

Շուտափույթ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-հայտարարեց Աբրահամյանը։