Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով


Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով
Հունվար 19 15:32 2026

Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքս հաստատել էր քննիչի դիրքորոշումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր Տաթևիկ Մուրադյան) բավարարելով ներկայացված բողոքը, որոշել է վարույթն իրականացնող մարմնի վրա դնել դիմողի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված վարութային ակտ կայացնելու պարտականություն, այն է` Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ:

Դատարանը երկու կարևոր դիրքորոշում է արտահայտել՝

1. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով՝ (..)»:

Այս նորմը քննչական մարմինը և դատախազությունը մեկնաբանել են նեղ իմաստով և ազատազրկման վայր են համարել միայն քրեակատարողական հիմնարկում կամ ՁՊՎ-ում գտնվող տարածքները և պնդել էին, որ քահանաները վկայի կարգավիճակով են գտնվել քննչական մարմնում:

Մինչդեռ դատարանը էական է համարել անձի փաստացի ազատությունից զրկված լինելու հանգամանքը՝ անկախ կարգավիճակից և հայտնել է՝

«Դատարանը գտնում է, որ հանցագործության մասին հաղորդումը պարունակում է փաստական տվյալների նկարագրություն այն մասին, որ նշված անձինք «բերման են ենթարկվել» ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում, այսինքն՝ հարցաքննության են տարվել ոչ իրենց կամային գործողությունների արդյունքում, հետևաբար այս պարագայում ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանումը կարելի է դիտել որպես ազատությունից զրկման վայր»:

«Դատարանը նկատում է, որ հաղորդում ներկայացրած անձի կողմից մատնանշվել է փաստաբաններ Արմինե Ֆանյանին, Մարինե Ֆարմանյանին, Շուշանիկ Հարությունյանին ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում մուտք գործելը չթույլատրելու և վստահորդներին տեսակցելու փաստը, և այս պայմաններում անհասկանալի է, թե նախաքննության մարմինն ինչպես է դատավարական խիստ սեղմ ժամկետում հանգել հետևության այն մասին, որ հաղորդումը ն դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում որևէ փաստական տվյալ, հաղորդման հեղինակի պնդումները չփաստարկված են, իսկ նկարագրվածի համատեքստում քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է»:

2. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածի՝ «Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը․․․»:

Դատարանը նկատել է, որ «հանցագործության մասին հաղորդումը պարունակել է փաստական տվյալներ այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պաշտպաններին չի հայտնվել ձերբակալվածի գտնվելու վայրը, և դա հնարավոր է եղել պարզել միայն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների միջոցով: Դատարանն արձանագրում է, որ տվյալներն այն մասին, որ ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում անձի գտնվելուն կարգավիճակի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, և այդ տեղեկատվության ստացումը հնարավոր է եղել միայն ՄԻՊ գրասենյակի միջամտության արդյունքում, արդեն իսկ ստուգման ենթակա փաստական տվյալների բավարար ամբողջություն է, որի իսկության ճշտումն այս դեպքում կարող էր իրականացվել բացառապես քրեական վարույթ նախաձեռնելու և անհրաժեշտ վարութային ու ապացուցողական գործողություններ իրականացնելու արդյունքում»:

Հ․Գ․ Երկու գործընկերային խորհուրդ՝ մեր քննիչներին, դատախազներին և դատավորներին՝

1) վերադասի հրահանգներն ինքնամոռաց կատարելուց առաջ մտածեք, որ ամեն ինչ ժամանակավոր է և գալու է օրենքի առաջ պատասխան տալու ժամանակը, իսկ Եկեղեցու հարցով հավատացեք, որ ծանր պատասխան եք տալու․

2) եթե չեք կողմնորոշվում ինչ անել (մի կողմից հրահանգն է, մյուս կողմից՝ սեփական խիղճը), ապա ղեկավարվեք բացառապես օրենքով»,-գրել է Զոհրաբյանը։