Ընդդիմության սեգմենտ կա, որ Ռուսաստանից զանգի է սպասում. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)


Ընդդիմության սեգմենտ կա, որ Ռուսաստանից զանգի է սպասում. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)
Հունվար 17 20:57 2026

«Սոլովյովի հայտարարությունը եղկելի և դատապարտելի է՝ անկախ նրանից՝ որ մայրաքաղաքից է հնչում։ Բայց ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Ալիևի ու Էրդողանի թուքն անձրևի տեղ ընդունողները Սոլովյովի դեպքում փորձեցին հիշել ինքնիշխանության մասին։ Բացարձակապես չպաշտապանելով Սոլովյոյի հայտարարությունը՝ այնուամենայնիվ չմոռանանք՝ ինչ համատեքստում է հնչել այն։ Սոլովյովն այդ հայտարարությունն արել է Վենեսուելայում Թրամփի ստեղծած նախադեպի հիմքով, հետևաբար բոլոր այն մարդիկ, որ ծափահարում են Թրամփին, որովհետև դրանով նա իբրև թե ցույց է տվել իր ուժն՝ իբրև Միացյալ Նահանգներ, իրավունք չունեն Սոլովյովին դատապարտել, բոլոր այն մարդիկ, որ արդարացնում են այն, ինչ կատարվում է Իրանի շուրջ, իրավունք չունեն դատապարտել Սոլովյովին»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, համոզված եղեք, որ Ռուսաստանը գուցե դեմ չլինի Փաշինյանի իշխանության հեռացմանը, բայց ջանքեր չի գործադրելու այդ ուղղությամբ։ Ընդդիմության սեգմենտ կա, որ Ռուսաստանից զանգի է սպասում, նման բան չի լինելու։ Այնպես, ինչպես Արևմուտքը, Եվրամիության բյուրոկրատիան են նախանձախնդիր, որ Փաշինյանին պահեն, այդ նույն նախանձախնդրությունը Ռուսաստանի կողմից չի լինելու Փաշինյանի հեռացնելու հարցում շատ պարզ պատճառով՝ այս փուլում մենք առաջնահերթություն չենք Ռուսաստանի համար։ Ուկրաինական պատերազմում թեժացման մեկ ալիք էլ է սպասվում, որը համընկնելու է մեր ընտրական շրջանի հետ։ Չի կարելի մոռանալ նաև այն, որ կայսրությունները միշտ տակտիկական նահանջ են ունենում և երբ ցանկանան վերադառնալ, մեկ է՝ բազմաթիվ լծակներ ունեն ազդելու՝ անկախ նրանից, թե ով է իշխանության»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում