Fitch-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, սակայն ընդգծում է անորոշության պահպանման ու բարձր պակասուրդի մասին


Fitch-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, սակայն ընդգծում է անորոշության պահպանման ու բարձր պակասուրդի մասին
Հունվար 17 19:58 2026

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական» և հաստատելով վարկանիշը «BB-» մակարդակում: 

Գործակալության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ  վերանայված հեռանկարը արտացոլում է Հայաստանի բարձր միջազգային պահուստները և շարունակական կայուն աճը, որը կաջակցի պարտքի կայունացմանը համապատասխան ֆինանսական կոնսոլիդացիային միջնաժամկետ հեռանկարում:

«ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակը զգալիորեն նվազեցնում է կարճաժամկետ ռազմական էսկալացիայի ռիսկերը, սակայն դրա հաջող ավարտի վերաբերյալ անորոշությունը պահպանվում է՝ խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական բարեփոխումների հնարավոր հանրաքվեի մոտենալու պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հեռանկարի վերանայման հիմնական գործոններից մեկն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումն է, որը նպատակ ունի հասնել խաղաղության համաձայնագրի։

«Այն զգալիորեն կնվազեցնի մոտակա ռազմական էսկալացիայի ռիսկերը: Fitch-ի կարծիքով, վերջնական համաձայնագիրը դեռևս ենթակա է անորոշությունների, քանի որ այն պայմանավորված է Հայաստանի կողմից իր սահմանադրության փոփոխությամբ՝ Լեռնային Ղարաբաղին հղումները հեռացնելու համար, ինչը պահանջում է ժողովրդական հանրաքվե, որը հնարավոր է տեղի ունենա հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո: Ադրբեջանի հետ և նրա տարածքով առևտուրը սկսել է բացվել: Թուրքիայի հետ հարաբերությունները զգալիորեն բարելավվում են, և, ըստ տեղեկությունների, Թուրքիայի կառավարությունը քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի վերաբացումը»,-նշում է գործակալությունը։

Հաջորդ գործոնը վերաբերում է բյուջեի պակասուրդին։ Fitch-ը գնահատում է, որ 2025 թվականին ընդհանուր կառավարության դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 5.0%-ը, որը ցածր է բյուջեով նախատեսված 5.5%-ից, բայց դեռևս գերազանցում է «BB» միջնարժեքը (3.0%), ինչը արտացոլում է կապիտալ ծախսերի և տոկոսային վճարումների նվազումը: Հայաստանի 2026 թվականի բյուջեն նպատակ ունի ՀՆԱ-ի 4.5%-ի չափով հարկաբյուջետային դեֆիցիտի հասնել ՝ հիմնվելով պաշտպանական ծախսերի կրճատման վրա (2.1 տոկոսային կետով նվազելով՝ հասնելով ՀՆԱ-ի 4.7%-ի), մինչդեռ առողջապահական ծախսերն աճել են ՀՆԱ-ի 0.5%-ով՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի փուլային ներդրումը ֆինանսավորելու համար:

«Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը 2026 թվականին կհասնի իր 4.5% դեֆիցիտի նպատակին, բայց 2027 թվականից սկսած մենք սպասում ենք, որ դեֆիցիտը կգերազանցի իշխանությունների կողմից սահմանված միջնաժամկետ 3.5% նպատակը»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

FItch-ը գնահատում է իրական ՀՆԱ-ի 5.5% աճը 2025 թվականին` նշելով, որ 2022-2024 թվականների միջին 8.9% աճը ռուսական կապիտալի և միգրացիայի ներհոսքի պատճառով էր։ Իսկ  5.5 % աճտ այն պայմանավորում է շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսական ծառայությունների ոլորտներում բարձր ակտիվությամբ:

«Աճը պետք է մնա 5.0%-ից բարձր 2026-2027 թվականներին, որին կաջակցեն կայուն ծառայությունները  և Ամուլսարի ոսկու հանքի բացումը,  որը, ըստ ԱՄՀ-ի գնահատականների, կնպաստի 2026-2027 թվականներին կնպաստի ՀՆԱ-ի  1.25% աճին։ Միջնաժամկետ աճի կանխատեսմանը լրացուցիչ դրական ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կայուն իրականացումը և Թուրքիայի հետ սահմանի վերաբացումը»,-նշում է գործակալությունը։