Ադրբեջանում հայ գերիներին արգելել են Աստվածաշունչ կարդալ, անգամ այրել են կրոնական սիմվոլներով դաջվածքները (Տեսանյութ)


Ադրբեջանում հայ գերիներին արգելել են Աստվածաշունչ կարդալ, անգամ այրել են կրոնական սիմվոլներով դաջվածքները (Տեսանյութ)
Հունվար 17 13:16 2026

Ադրբեջանում հայ գերիների պահման պայմաններում դրական տեղաշարժերը նկատելի են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Որոշ դատապարտված գերիների տեղափոխել են նոր կառուցված ՔԿՀ, որտեղ պայմաններն անհամեմատ ավելի լավ են եղել»,- նշեց նա։

Սահակյանի խոսքով՝  երբեմն ադրբեջանական մամուլը լուսանկարներ է տարածում, որտեղ, իբր, հիմնական հիմունքներով պահվում են հայ գերիները, դրանք, սակայն, լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, որտեղ հայ բանտարկյալներին այցելում են ադրբեջանցի պաշտոնյաներ ու ներքին լսարանին ցուցադրում են, որ մարդասիրական նորմերն Ադրբեջանում  պահպանվում են։

Փաստաբանը հայտարարեց, որ միտումնավորր ձգձգում են Ռուբեն Վարդանյանի գործը։

Հունվարի 12-ին ստացվել են տեղեկություններ` գերիների առողջական վիճակի մասին, որոշ լուսանկարներ են կցվել թե՛ խցերի, թե՛ անձանց վիճակի առումով։ Սա, սակայն, Ադրբեջանը պետք է աներ նոյեմբերի 4-ին, բայց արել է հունվարի 12-ին։

Յոթ ամիս դադարից հետո՝ դեկտեմբերի 24-ին ու 25-ին, Կարմիր խաչից այցելել են հայ գերիներին։ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ էլի կայցելեն կառույցից հայ գերիներին։ Այցերը դրական հոգեբանական ազդեցություն են թողել թե՛ այնտեղ գտնվողների, թե՛ նրանց ընտանիքների անդամների շրջանակներում։

Սահակյանը հայտարարեց, որ վերաբերմունքի առումով Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կա տարբերակված մոտեցում։

«Մեծացել է նրա մեկուսացվածությունն արտաքին աշխարհից, ու ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պակասել է զանգերի հաճախականությունը, ինչ-ինչ պատճառներով նա մեկուսացվում է, դատական գործընթացը ձգձգվում է ու զրկվում է վերջին խոսքն արտահայտելու հնարավորությունից»,- ընդգծեց հայ գերիների շահերի պաշտպանը։

Սահակյանը հայտարարեց, որ ռազմագերիների խնդիրն ունի նաև կրոնական ասպեկտ։

«Մենք գործ ունենք քրիստոնյա հայերի դատապարտման հետ, որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, մեզ ցուցադրում են կրոնական սիմվոլներին առնչվող հարցեր, օրինակ՝ թեև անձին թույլատրվում է գրքեր տրամադրել, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։ Արգելվել է թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ մյուս բանտարկյալներին»,- հավելեց նա։

Փաստաբանը նշեց, որ անգամ այրել են կրոնական սիմվոլներով դաջվածքները։