«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում․ Լուսանկարներ


«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում․ Լուսանկարներ
Հունվար 17 11:33 2026

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ Կենտրոնից մինչև ծայրամասեր, շենքերի պատերին հայտնվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկարը՝ «ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին» գրառմամբ։

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գալստյանի համակիրները, գաղափարակիցները և ուսանողներն այս ձևով իրենց բողոքի ձայնն են հնչեցնում՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով, որ Խաչիկ Գալստյանը քաղբանտարկյալ է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին երկու ամսով կալանավորեց:

Հակակոռուպցիոնը նրան մեղադրում է ընտրակաշառք տալու համար: Գալստյանին ձերբակալել էին դեկտեմբերի 29-ի գիշերը։

Նրա հետ ձերբակալված է նաև Վաղարշապատի ընտրություններում կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը:

Ըստ փաստաբանական թիմի, այս գործը շինծու է և քաղաքական հաշվեհարդար է այս իշխանությանն ակտիվորեն քննադատող քաղաքական ուժի՝ «Հայրենիք» կուսակցության նկատմամբ։

«Նա ազատազրկված է այն համոզմունքների համար, որոնց համար էլ քաղաքական պայքար է ծավալում։ Վստահ եմ, որ վաղ, թե ուշ արդարությունը վերականգնվելու է, Խաչիկ Գալստյանը լինելու է ազատության մեջ, իսկ ապօրինի քրեական հետապնդման համար պատասխանատուները կրելու են իրենց պատիժը»,- ասել է Գալստյանի փաստաբան Սոս Հակոբյանը։